Հուլիսյան դեպքերն աչքակապության փորձ էին․ Թևան Պողոսյան

Հուլիսյան դեպքերն աչքակապության փորձ էին․ Թևան Պողոսյան

Երբ հուլիսին Ադրբեջանը հարձակվեց Տավուշի դիրքերի վրա, և մենք կարողացանք հակահարված տալ, դա ներկայացվեց որպես նոր Սարդարապատ։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով 2020 թվականի հենց այս օրը մեկնարկած տավուշյան մարտերին։

Նրա խոսքով՝ դրանից հետո էլ տարածվում էին լուրեր, թե հայոց բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում, պատրաստ է ամեն ինչի։

«Հուլիսյան մարտերն այնպես ներկայացվեցին, որ մենք ամեն ինչ կարող ենք։ Այդ ժամանակ մենք հաղթում էինք, և մենք կարողացանք պահել ՀՀ տարածքում եղած դիրքերը․ այսինքն՝ մենք ճանճից փիղ սարքեցինք»,- նկատեց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ փոքր դիվերսիոն գործողությունից հետո 71 «Մարտական խաչ» եղավ, ազգային հերոսներ ունեցանք։

«Եթե դիտարկենք հիմա, թե ինչ էր դա, ապա կասենք՝ աչքակապության խնդիր էր դրված, երբ ամբողջ հայ ազգին փորձում էին քնեցնել՝ գիտակցելով, որ աշնանը Ադրբեջանը նախահարձակ է լինելու»,- նշեց քաղաքագետը։

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ դեռ 2020-ի մայիսին էին փորձագետներն ասում, որ աշնանը թշնամին լայնամասշտաբ գործողություններ է սկսելու, իսկ հուլիսին չեղած տեղից բախումներ եղան։

«Թեև տղաները քայլ արել են, որ իրոք գնահատականի արժանի է, չարժեր այդպիսի ձևով ներկայացնել ամեն բան։ Արժանիները կարող են ստանալ հերոսի կոչում, բայց պետք չէր այդ մարդկանց դեմքերը, նրանց ընտանիքները դարձնել հանրային»,- ասաց Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ պետք է գիտակցել, որ ցանկացած պարգև ունենում է գին, ու երբ դա արվում է մեծաքանակ ձևով, ապա կորցնում է գինը։

«Եթե գնահատենք այդ օրերի դեպքերը, ապա կնկատենք, որ մենք նախկինում էյֆորիայի մեջ էինք, իսկ այսօր պարզ է դառնում, որ մենք այնքան էլ ճիշտ չէինք ընկալում վիճակը»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նա նկատեց, որ մենք ունենք չավարտված պատերազմ, և լայնամասշտաբ գործողություններ միշտ էլ կարող են լինել։

 Մերի Գևորգյան