Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. պետնախարարը՝ Լաչինի միջանցքը ուժով չբացելու մասին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն տարհանում ճանապարհը փակող մարդկանց։
«Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու մասին, ըստ էության, ռուս խաղաղապահները ենթադրում են, որ դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն գործադրելու եղանակով: Եվ ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է:
Այդ պատճառով խաղաղապահ ուժերը ջանքեր են գործադրում և փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով։ Այդ ընթացքում այդ պրոցեսի ժամանակ, երբ Ադրբեջանը որպես հիմնավորում ներկայացնում է այն փաստարկը, թե Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում կամ, իբր, Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում, այս մտահոգությունները ռուսական կողմը փարատելու համար քննարկեց նաև հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը կարգավորելու հարցը, բայց նույնիսկ Ադրբեջանն իր մոտեցմամբ վերահաստատեց, որ այդ հայտարարություններն ընդամենը ձևական պատճառաբանություններ են, և նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում»,-շեշտեց Արցախի պետնախարարը։