Ստեփանակերտի Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն է կատարվել

Ստեփանակերտի Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն է կատարվել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, հայտնում է «Արցախպրես»-ի թղթակըցը:

Ձեռնադրությանը նախորդել էր Ստեփանակերտի Ս.Աստվածածին Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին կատարված ընծայման կարգը:

Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման է արժանացել ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

«Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու  Քրիստոսի լուծը և դառնալու  Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ:  Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին, պատարագելու նրա Մարմինը և Հոգին: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի»,-  ասաց նորընծա քահանան, ով վերակոչվել է  Տեր Վաչագան քահանա Գյուրջյան:

Քահանայական ձեռնադրության արարողությանը ներկա էին  Արցախի տարբեր եկեղեցիների սպասավոր հայրեր,  հավատացյալ հասարակություն: