Ադրբեջանում դատում են ևս երկու հայ գերու

Ադրբեջանում կայացել է երկու հայ գերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Փաստինֆո-ն։
Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է, այսպես կոչված, ահաբեկչության մեջ։ Նիստը կայացել է Սադունչինի շրջանային դատարանում։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, պետական մեղադրողն առաջարկել է Սարգսյանին դատապարտել 20, իսկ Ռաֆայելյանին ՝ 19 տարվա ազատազրկման։ Դատախազը նաև պնդել է, որ հայ գերիները պատիժը կրեն խիստ պայմաններով ուղղիչ գաղութում։
Երկու հայ գերիներին շինծու գործերով մեղադրում են Ադրբեջանի սահմանը անօրինական հատելու, անօրինական ձևով զենք կրելու և Քարվաճառի շրջանում ականապատման աշխատանքներ իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ 2021թ․ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող շրջափակվել և գերեվարվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից։ ՀՀ ՊՆ-ն նշել էր, որ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում։