Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Բաքվի ագրեսիվ օրակարգի համատեքստում 

Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Բաքվի ագրեսիվ օրակարգի համատեքստում 

Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նույն հարկի տակ միջոցառման են մասնակցել: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում էին, որտեղ անցկացվում էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի մեկնարկին տարածվեցին կադրեր, թե ինչպես են Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք սեղմում:

Ուշ երեկոյան տեղեկատվություն հայտնվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են:

«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- նշել է վարչապետի խոսնակը։

Այստեղ բանալի բառը «երկկողմ ձևաչափով» ձևսկերպումն է, որով պաշտոնական Երևանը ցանկացել է ցույց տալ, որ հանդիպումն ամենևին էլ ռուսական միջնորդական հարթակում տեղի չի ունեցել:

Ի դեպ, այդ փաստն անուղղակիորեն հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքեն, դա կանխատեսելիության մթնոլորտ կբերի Կովկասին»,- ասել է նա՝ հավելելով, թե Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը:

Բացի այդ, տարածված տեսանյութում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը երկուսով են հեռանում հանդիպման վայրից:

Դժվար է ասել՝ ի՞նչ արդյունք է գրանցել այս հանդիպումը, բայց ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է հետևողականորեն առաջ մղել իր օրակարգը:

Դա, մասնավորապես, վերաբերում է նրան, որ Ադրբեջանը ձգտում է երկկողմ բանակցություններին, ինչը ենթադրում է միջազգային միջնորդների բացառում: Մի կողմից, Բաքուն անտարբեր է ռուսական հարթակի նկատմամբ, մյուս կողմից՝ բոյկոտում է արևմտյան հարթակները:

Ցավոք, մեծ է հավանականությունը, որ հայկական կողմը տեղի կտա նաև Բաքվի այս առաջարկությանը: Ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի մասին են լինելու:

Նկատենք, որ Բաքուն այս օրերին նոր պահանջներ է առաջ քաշում:

«Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Վերջինս ակնարկում է, որ պետք է տարանջատվեն խաղաղության և սահմանի դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացները: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրով Հայաստանը ճանաչելու է Արցախի կլանումն Ադրբեջանի կողմից, «օրինականացնելու» է Հայաստանի տարածքների օկուպացիան՝ առանց երաշխիքների, որ Բաքուն ճանաչելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ աշխարհագրական պարամետրերով:

Ի դեպ, Բաքվում չեն էլ թաքցնում, որ Հայաստանի հանդեպ ունեն տարածքային հավակնություններ:
Երեկ Ադրբեջանի օրենսդիր մարմինը «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հատուկ հայտարարություն է ընդունել։

Միլի Մեջլիսում ընդունված փաստաթղթի համաձայն «արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիքը» Հայաստանն է։

«Ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում: Պատմական փաստաթղթերն ու քարտեզները վկայում են, որ այստեղ ապրող բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել»,- ասված է հայտարարության տեքստում:

Վերջում հավելենք, որ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանն այդպես էլ առանձին հանդիպում չունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե հաշվի չառնենք, որ նրանք զրուցել են «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում:

Վահրամ Բագրատյան