Ինչո՞ւ է ընդդիմությունը փակ քննարկման գնում իր կողմից դավաճան որակվող Կառավարության հետ (տեսանյութ)
Մենք փակ հանդիպում չենք պահանջել, այլ պահանջել ենք հրատապ քննարկում ԱԺ-ում, ՔՊ-ն է առաջարկել, որ այդ հանդիպումը փակ լինի։
Այդ մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ընդդիմությունը մասնակցում Կառավարության հետ փակ հանդիպմանը, եթե նրան մեղադրում է դավաճանության մեջ։ Նրա խոսքով՝ իրենք կարող էին չմասնակցել այդ հանդիպմանը, բայց այս պահին երկրի գլխին լրջագույն սպառնալիք է կախված։
«Այս պարագայում մենք պահանջեցինք, որ ԱԳ նախարարն ու փոխվարչապետը գան ու ներկայացնեն, թե ինչ քայլեր են անում Արցախն այս վիճակից հանելու համար։ Այս իմաստով, մենք ունեինք հարցեր, որոնք տվել ենք, բայց դրանց պատասխանները չենք ստացել և բավարարված չենք։ Այնպես չէ, որ մենք այդ հանդիպումից դուրս ենք եկել և ասում ենք՝ մտահոգություն չունենք։ Մենք դուրս եկանք ու ասացինք, որ մեր մտահոգությունները կրկնապատկվել են»,- նշեց Սաղաթելյանը։
Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ իշխանության գործողությունները համարժեք չեն այն իրավիճակին, որը գոյություն ունի։
«Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և վարչապետի աթոռը զբաղեցնողի հանդիպմանը, ապա մենք այդ ընթացքում տարբեր հանդիպումներ ենք ունեցել և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ իր հետ։ Մեր երկիրը պատերազմի մեջ էր, և մեր դիրքորոշումն այն էր, որ մենք բոլորս հայկական զինված ուժերի զինվորն ենք ու պետք է կռվենք թշնամու դեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իսկ թե ինչու նա այդ հանդիպումներից հետո չի ասել, որ վիճակն այդպիսինն է, ապա Սաղաթելյանը նշեց, որ հանդիպումներից հետո ասել է, որ մտահոգված են։