Ո՞ւմ կողմը կբռնի Փաշինյանը

Ո՞ւմ կողմը կբռնի Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները ոգևորված են, որ Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ հիշատակվում է ԵԱՀԿ ՄԽ անունը։


Սակայն խորապես համոզված ենք, որ այդ անդրադարձը թռուցիկ էր, իսկ իրականում համատեղ հայտարարությունն այն մասին էր, որ Հարավային Կովկասում մոդեռատորությունն իրականացնում է Ռուսաստանը։


Երեկ այս պնդումն իր հաստատումը գտավ պաշտոնական Մոսկվայի կողմից։


Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:


«Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:


Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»:


«Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝  յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)»։


Փաստը մնում է փաստ, որ բոլոր հարցերում այսօր Ռուսաստանն ու Արևմուտքն ունեն մրցակցային, զրոյական արդյունքով իրար հետ շփվելու հարաբերություն, ԼՂ հարցում ևս ունեն բավականին տարբեր շահեր։


Դա նոր խնդիր է լինելու Հայաստանի համար, որը ստիպված է միջնորդության հարցում ընտրություն կատարել Մոսկվայի ու Բրյուսելի միջև։


Ռուսական մոտեցումն ավելի բարենպաստ է Հայաստանի համար ու սա ամենևին էլ զգացմունքային մոտեցում չէ։


ԵՄ-ն, արևմտյան կողմն, ըստ էության, առաջարկում են հայ- ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագիր կամ փաթեթային լուծում, որում վերջնականապես լուծվելու է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Պատահական չէ, որ մի փաթեթի մեջ են դիտարկվում դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցը ու խաղաղության պայմանագրի գործընթացը։


Պատահական չէ, որ հենց Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին։ Սա, այսպես կոչված, բրյուսելյան արձանագրում է։


Եթե արևմտյան մոտեցումը որդեգրվի ու կարգավիճակի հարցը քննարկվի հիմա, լավագույն դեպքում` Արցախը բարձր ինքնավարություն է ունենալու Ադրբեջանի կազմում, այն էլ` հայկական դիվանագիտության մեծագույն ջանքերի ու միջազգային խաղացողների ուժեղ միջամտության պարագայում։


Պուտին- Փաշինյան ծավալուն հայտարարությունը հուշում է, որ ռուսների պատկերացրած հայ- ադրբեջանական դիալոգը բազմափուլ է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը Արցախի կարգավիճակի հարցից, ինչն այս փուլում առկախվում է։


Դա հնարավորությունների որոշակի պատուհան է բացում Հայաստանի համար։

 


Հեղնակ` Վահրամ Բագրատյան