ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին պետք է գործուղել Սյունիքի առաջնագիծ

Սիրելի հայրենակիցներ, գտնվելով Սյունիքում, երեկվանից անընդհատ խուճապ եմ տեսնում, թե՛ սոցցանցերում և թե՛ առօրյա կյանքում, հատկապես՝ Երևան քաղաքում։ Սիրելիներս, խնդրում եմ հանգստացեք, խաղաղվեք, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ լսեք գիտակցաբար և անգիտակցաբար խուճապ և կեղծ տեղեկություններ տարածողներին։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Արցախն ու Սյունիքը «կարմիր ժապավենով» Ալիևին հանձնող ՔՊ-ականները խոսում են Սյունիքի անվտանգության մասին: Ծնունդով Սյունիքից ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ավելի լավ է թող պատասխանի այն ցավոտ հարցերին, թե ինչու զոհվեցին հազարավոր հայ զինվորներ, Շուշիում ծածանվում է ադրբեջանական դրոշը, իսկ Սյունիքը վերածվել է բոլոր կողմերից թուրք-ադրբեջանական խրամատներով շրջափակված, հայաթափվող տարածքի: Դա տեղի է ունեցել Արմեն Խաչատրյանի սիրելի Նիկոլ Փաշինյանի և նրանց ՔՊ-ական խմբակի քայլերի արդյունքում՝ 2018թ.-ի պետական հեղաշրջումն իր հետ բերում է հայոց պետականության կործանում:
Արմեն Խաչատրյանն ունի ուժային անցյալ, նա կարող է մի ջոկատ կազմել և մեկնել Սյունիքի որևէ սահմանամերձ գյուղ կամ ընտանիքով բնակվել Կապանում, որը գտնվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ, այլ ոչ թե Երևանում ռազմա-հայրենասիրական ճառեր կարդա: ՀՀ քաղաքացիները, սյունեցիները, ցավոք, իրենց մաշկի վրա են զգում իրենց իսկ ընտրության արդյունքները, որ նրանք կատարել են 2018թ.-ին և 2020թ.-ի պատերազմից հետո՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին:
Վահրամ Բագրատյան