ՔՊ-ականներն ընդհատակ են անցել, ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականներն ընդհատակ են անցել, ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի հարցով բանակցություններն ամբողջովին տապալելուց եւ Արցախը վերջնական հանձնելուց հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել: Չկան ո’չ ԱԺ-ում, ո’չ իրենց նախընտրական շտաբներում, ո’չ էլ վարչության նիստեր են անում:

Նիկոլ Փաշինյանը երբեմն ուղիղ եթեր է մտնում, փորձում է ինչ-որ արդարացումներ բերել Արցախի հարցը ձախողելու համար, իսկ ՔՊ-ականներն էլ սահմանափակվում են միայն ինքնիշխանության պահպանման մասին պաթետիկ գրառումներ անելով:

Ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ իր մյուս թիմակիցներին է բնորոշ, ցանկացած փոքր վտանգ զգալու դեպքում անհետանում են, մտնում ապահով վայրեր:

Իշխանականներն այնքան են վախեցած, որ երեկ՝ Հայաստանի անկախության օրն անգամ չհամարձակվեցին Եռաբլուր ոտք դնել.
«խիզախել» էին գնալ միայն տարեց ՔՊ-ականները՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք մեր քաղաքացիների ցասումին արժանացան, անգամ ապտակ ստացան ու հեռացվեցին Եռաբլուրից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ ներսում իսկապես ահ ու սարսափ է տիրում, իշխանականներից շատերն անգամ վախենում են տանից դուրս գալ:

Իրականում ՔՊ-ականները լավ գիտակցում են, որ շատ վտանգավոր է այս գերլարված իրավիճակում հանրության մեջ դուրս գալը, այն էլ՝ վշտի մեջ գտնվող որդեկորույս ծնողների, բայց կարծել են, թե հանրությունը որեւէ հատուկ վերաբերմունք չունի Աղազարյանի եւ Ասլանյանի նկատմամբ, ուստի ուղարկել են նրանց «առաջնագիծ», իսկ վերջիններս ձախողեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մեկ տարուց ավել արդեն մամուլում պետական պաշտոնյաների եւ Ն.Փ-ի միջոցով պտտվում է այն դիզինֆորմացիան, թե, իբր, Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը:

ՀՀ-ի եւ ՌԴ-ի մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական  АО «НПО “Сплав”» գործարանի միջեւ պայմանագիր է կնքվում, համաձայն որի՝  ռուսական գործարանը ստանում է գումար և արտադրում է ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:

Այնուհետև տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ին, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, և կարող են ուղարկել ՊՆ-ի մասնագետներին ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո 1 տարի 3 անիս ՀՀ ՊՆ-ն չի կարողանում ապրանքը տեղափոխել Հայաստան: Ապրանքը վերցնելու համար АО «НПО “Сплав”» գործարանը 3 անգամ դիմում է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում:

Այսքան դիմումներից հետո ՀՀ ՊՆ-ն չի կազմակերպում ապրանքի տեղափոխումը: Այնուհետև սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործում է այդ հրթիռները: Միանշանակ այդպես կվարվեր յուրաքանչյուր պատերազմող երկիր: Չնայած պատերազմական վիճակին՝ ՌԴ-ն տեղեկացնում Է ՀՀ ՊՆ-ին, որ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքը կմատակարարվի խմբաքանակներով:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարելու 1 մլրդ $ ԱՄՆ և 400 մլն $ԱՄՆ զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն $ ԱՄՆ արդեն հաստատված է եղել,  և պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 միլիարդին մնացել էին հաշված օրեր երկու երկրների կառավարություններում, ֆինանսների նախարարություններում հաստատելու համար:

Հանկարծակիորեն, սակայն, Հայաստանը հրաժարվում է այս պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքում Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն $ ԱՄՆ եւ մինչև այժմ չստանալով այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվում նաև այլ երկրների արտադրանքների հները, չեն համեմատում այլ արտադրատեսակների հետ:

Մեր  տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ ավելի թանկ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ մեկնաբանության համար, որտեղից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Գրավոր հարցումը ուղարկված է. սպասենք պաշտոնական պատասխանին։

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դաստիարակչական աշխատանքներ է տարել նրանց հետ, թե` ինչու եք գնացել, սադրել իրավիճակը: Մոտավորապես այսպես, թե՝ դուք ումի՞ց եք լավ տղա. եթե ՔՊ-ն չէր գնում, դուք ինչո՞ւ էիք գնում։ Նրանց բացատրել են, որ հիմա պատեհ պահը չէ ժողովրդական խաղալու, պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։

Հիշեցնենք, որ երեկ այս 2 պատգամավորներն ինքնագլուխ այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների շիրիմներին, ու հայտնվել էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների ցասումի կիզակետում: Հովիկ Աղազարյանն անգամ ապտակ էր ստացել։ Դեռ նախորդ գիշերվանից ծնողները հերթապահել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի եւ այլ իշխանականների մուտքը Եռաբլուր՝ հայտարարելով, որ իրենց տղաներն արյուն թափեցին հանուն հայրենիքի, իսկ Փաշինյանը հայրենիքը նվիրեց Ալիեւին։ Թերեւս սա էր պատճառը, որ իշխանությունից ոչ ոք այս տարի չայցելեց Եռաբլուր, անգամ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Միջադեպից ժամեր անց հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են՝ Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։ «Եթե ինձ հարվածողը զոհվածի հարազատ է, ուրեմն ես բողոք չունեմ, կասեմ, որ ազատ արձակեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը` նշելով, որ ինքը չի դիմել ոստիկանությանը»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել, որոնց գործուղում են Հանրապետության հրապարակ՝ հանուն Արցախի բողոքի ակցիաների ժամանակ սադրանքներ հրահրելու, ոստիկանների նկատմամբ բռնության կոչեր եւ գործողություններ գեներացնելու համար։

Հաշվարկն այն է, որ հարամեն ակցիաները, տպավորություն ստեղծեն, թե ջարդարար խուլիգանների բանդա է հավաքվում՝ այլ քաղաքացիների վանելով ցույցերից: Բացի այդ, մարդկանց վախեցնելու, զանգվածային ձերբակալություններ իրականացնելու հիմքեր ստեղծեն։ Նախօրեին շշերից բացի, քարեր նետվեցին ոստիկանական պատի ուղղությամբ, երեկ իրավապահները հաղորդեցին, որ 28 անձ ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ կատարելու» կասկածանքով։

Իրավապահները եռանդով աշխատում են ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, բերման ենթարկելու ուղղությամբ, այն, ինչը տարիներ առաջ կիրառվում էր Նիկոլ Փաշինյանի եւ այլ ընդդիմադիրների դեմ»: