Բրուցելոզ՝ Գեղարքունիքի մարզում, մարդկանց մոտ ևս հայտնաբերվել է. մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։
ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։
MediaHub-ը կապ հաստատեց Չկալովկայի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանի հետ, ով նշեց, որ միայն իրենց գյուղում չէ այդ վիճակը, այլ ամբողջ ՀՀ–ում բրյուցելոզ հիվանդությունն է ակտիվացել:
«Բրյուցելոզ հիվանդությունը միշտ կա, միշտ կլինի։ 2025թ–ին միայն մեկ լաբարատոր ստուգում է իրականացվել, որի արդյունքում ապրիլին՝ 219 հնարավորից 46 խոշոր եղջերավորի մոտ է հայտնաբերվել բրյուցելոզ, և հարկադիր սպանդի են ենթարկվել։ Տոկոսային հարաբերակցությունը շատ է՝ մոտ 22% խոշորների դեպքում, իսկ մանրների դեպքում 27-28% է. մանր եղջերավորների մոտ՝ 397 հնարավորից 81–ի մոտ է հայտնաբերվել բրյուցելոզ, և հարկադիր սպանդի են ենթարկվել»,– նշեց համայնքի ղեկավարը։
Ըստ նրա՝ կրկնակի ստուգում պետք է իրականացվի: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ում ստուգումները պլանային են, սակայն, համայնքի ղեկավարը գրություն է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրելով, որ կրկնակի ստուգում իրականացվի համայնքում և չսպասեն աշնան պլանային ստուգմանը։
«Առաջին ստուգումն իրականացվել է ապրիլի 8-12 ընկած ժամանակահատվածում, մայիսի 6–ին վերջին սպանդն է իրականացվել։ Առողջապահության նախարարությունը մարդկանց անալիզներն է սկսել վերցնել, լաբարատոր փորձաքննություն իրականացնել, քանի որ եթե գյուղում կա, հնարավոր է, որ մարդկանց անցած լինի։ Երկուշաբթի օրվանից սկսել են ստուգել, պատասխանները կլինեն մի քանի օրից»,– նշեց Կարապետյանը։
Մինչդեռ, MediaHub-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուզելոզ հաստատվել, իսկ մայիսին, այս պահի դրությամբ, երկու քաղաքացու մոտ է հիվանդությունն ախտորոշվել։ Սակայն, մայիսի տվյալները նախնական են, ամսվա վերջ ամբողջական պատկերը պարզ կլինի։
Մարիաննա Արամյան