«Արցախը ՓԲԸ կամ ՍՊԸ չէ, որ լուծարվի․ մենք վերադարձի իրավունք ունենք և պարտավոր ենք նախագահ ունենալ»

Այսօրվանից դադարում է Սամվել Շահրամանյանի լիազորությունները։ Արցախի գործող օրենսդրությամբ և Ազգային ժողովի կանոնադրությունում կատարված փոփոխության համաձայն՝ մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը։
«Շատերն իրենց պարտքն են համարում գրել, հուշել կամ հիշեցնել, թե՝ ի՞նչ նախագահի մասին է խոսքը, եթե Արցախ չկա։ Չեմ հոգնի ևս մեկ անգամ կրկնել, որ Արցախը ՓԲԸ կամ ՍՊԸ չէ, որ լուծարվի։ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, մեր հայրենակիցների ինքնորոշման հարցը դեռ կախված է օդում։ Ուստի անհրաժեշտ է ունենալ և՛ նախագահ ու ատամներով պետք է պահպանենք պետական ինստիտուտները, չխառնվելով ՀՀ ներքին կյանքին։ Եթե նայենք մեր շուրջ կատարվող իրադարձություններին, պիտի թևաթափ լինենք, տրվենք սադրանքներին, մոռանանք Արցախի հետ կապված ամեն բան։ Բայց մենք ունենք վերադարձի իրավունք, որը, ցավոք, ՀՀ ներկայիս իշխանությունների ղեկավարման ժամանակաշրջանում անհնարին է։ Կան պետություններ և միջազգային կազմակերպություններ, որոնք աջակցում են Արցախին և առաջին իսկ հնարավորությունների դեպքում՝ կապահովեն մեր հավաքական ու անվտանգ վերադարձը»,-MediaHub-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը։
Մեր տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները եկել են կոնսենսուսի, որ նախագահի լիազորությունները պետք է շարունակի Սամվել Շահրամանյանը։
«Այս իրավիճակում մենք այլ տարբերակ չունենք, քան Շահրամանյանը։ Նա բոլորիս միասնական թեկնածուն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Արցախցի պատգամավորները նախատեսում են առաջիկայում նիստ գումարել, Շահրամանյանին վերընտրել Արցախ նախագահ։
Հունան Թադևոսյան