Եկեք հավատանք. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Եկեք հավատանք. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

MediaHub-ի սիրելի ընթերցող.

ամեն տարի այս օրը մենք ամփոփում ենք տարին: Ցավոք, վերջին տարիներին այդ ամփոփումները գնալով ավելի մռայլ գույներով են ներկված, բայց Ամանորը հենց այն տոնն է, երբ գրեթե բոլորը լավատես են ու հույսով են նայում ապագային:

2023-ը ծանր տարի էր Հայաստանի համար, այն պատմության մեջ կմնա որպես տարի, երբ կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը. շրջափակում, ռազմական ագրեսիա, էթնիկ զտման իրական սպառնալիք, զոհեր, բռնի տեղահանություն: Արցախցիներն այսօր Հայաստանում են, ոմանք երրորդ երկիր են մեկնել, բայց բոլորի հույսն այն է, որ Արցախի օկուպացիան թշնամու կողմից երկար չի տևի և մի օր հայը կվերադառնա իր մայր հայրենիք, իր տուն: Միամտություն կլինի կարծել, որ դա տեղի կունենա գալիք տարում, մոտ ապագայում, բայց Ամանոր է, եկեք հավատանք, որ դա անպայման տեղի կունենա:

2023-ը MediaHub-ի համար շատ հագեցած տարի էր. 365 օր շարունակ մենք փորձել ենք օպերատիվ ու անաչառ կերպով անդրադառնալ Հայաստանում, Արցախում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ներկայացնել դրանք այնպես, ինչպես կան, վերլուծել, կանխատեսել հետևանքները: Նույնկերպ շարունակելու ենք նաև 2024 թվականին, ներկայանալու ենք նոր ու հետաքրքիր ձևաչափերով նախագծերով ու հաղորդումներով: MediaHub-ի համար կարևոր է, սիրելի ընթերցող, որ շարունակեք մնալ մեր կողքին, կարդաք, նայեք, լսեք մեզ ու վստահեք, քանզի Ձեր վստահությունը մեր աշխատանքի գլխավոր գնահատականն է:

Վերջին տարիներին մեր մաղթանքներում՝ անկախ, թե ինչ տոն է, առաջին տեղում «խաղաղություն լինի»-ն է, քանզի հենց վերջին տարիներին մենք լիարժեք հասկացանք դրա արժեքը: Ուստի այսօր էլ, չխախտելով ձևավորված ավանդույթը, մաղթում ենք՝ թող խաղաղություն լինի, բայց ոչ թվացյալ, մտացածին, այլ իրական: Թող մեր հայրենիքի ոչ մի հատված թշնամին ոտք չդնի, թող ոչ մի մայր դողը սրտում չապրի իր զավակի համար, թող մարդկային ու տարածքային կորուստների վախ չունենանք, իսկ հրավառությունն էլ որևէ մեկին պատերազմ չհիշեցնի:

Եկեք հավատանք, որ 2024 թվականն ամփոփելիս այն վառ գույներով  կհիշվի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ