Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ, ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. Մամուլը՝ սուրճով

Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ, ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջեւում է։ Բանն այն է, որ Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, այնուհետեւ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետեւանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը եւ ԾԻԳ-ի պետը, ինչպես նաեւ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Մի քանի անգամ հայտարարվեցին մրցույթներ՝ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար:

Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ, սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։

«Առողջության իրավունք» ՀԿ նախագա Անուշ Պողոսյանը դիմել էր ՊՎԾ-ին այդ նշանակման օրինականությունը պարզելու համար:

Բանն այն է, որ ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստել են, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը 3 դեմ, 4 կողմ ձայներով նախապատվությունը տվեց Անդրանիկին: Այսպիսով, Անդրանիկ Հարությունյանը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը, նա անգամ չգիտեր, թե ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը եւ էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն: Բայց այս մասնագիտական որակները չխանգարեցին Անդրանիկ Հարությունյանին հայտարարելու, որ ՀՀ ԱՆ պաշտոնյաները իր հանդեպ արդար չեն վարվել, եւ չխոչընդոտեցին բողոքարկելու հանձնաժողովի որոշումը։

Եվ ահա Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի եւ տեղեկանքների առկայությունը։

Այսինքն՝ Անահիտ Ավանեսյանի հետ լուռ հակամարտության մեջ է մտել Կարեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՎԾ-ն, Անուշ Պողոսյանի դիմումում նշված փաստարկները ուսումնասիրելով, հանգել է այն համոզմանը, որ մարզպետի կողմից հիվանդանոցի տնօրենի նշանակումը, ենթադրաբար, օրինական չէ. փաստաթղթեր կեղծելու կասկածներ է հայտնել վարչապետի վերահսկողական ծառայությունը՝ դատախազից պահանջելով վարույթ հարուցել»: