Ընդդիմությունը չպետք է թույլ տա ՔՊ-ականներին` վերարտադրվել ՏԻՄ ընտրություններով

Ընդդիմությունը չպետք է թույլ տա ՔՊ-ականներին` վերարտադրվել ՏԻՄ ընտրություններով

ՔՊ-ն հայտնել է, թե ովքեր կգլխավորեն համամասնական ցուցակները առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Արցախի տարածքի 75 տոկոսը հակառակորդին զիջած, Շուշին՝ դժգույն և դժբախտ քաղաք համարող ՔՊ-ականները ցանկանում են վերարտադրվել՝ պահպանել իրենց իշխանությունը մարզերում՝ կրկին «ոսկե սարեր» խոստանալով ՀՀ աղքատ քաղաքացիներին և «նախկիններն են մեղավոր» բոլորին հոգնեցնող թեզով կրկին ձայներ հավաքելու մեխանիզմն են ցանկանում վերագործարկել:

Ընդդիմության՝ անկախ ընդդիմադիր թևերից, կուսակցական պատկանելությունից, առաջնահերթությունը պետք է լինի մասնակցել ՏԻՄ ընտրություններին և թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ականները հաղթեն մարզերում, պահպանեն իրենց դիրքերը գյուղերում։ Դա կլինի մինի հաղթանակ գործող իշխանությունների նկատմամբ:

ՔՊ-ականները ոչինչ չունեն ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին. սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, Արցախն ու Սյունիքը՝ հայաթափվում են, հայ-ադրբեջանական սահմանում հայ զինվորներ են զոհվում, բանակի հզորացմամբ ոչ ոք չի զբաղվում: Ընդդիմությունը պետք է ճիշտ աշխատի էլեկտորատի՝ մարզի բնակիչների հետ և ցույց տա, որ ՔՊ-ն կարող է վերարտադրվել միայն «նախկինների» նկատմամբ ատելություն գեներացնելով ու վարչական լծակներով:

Ընդդիմության համար ՏԻՄ ընտրություններն էլ յուրահատուկ ստուգատես են՝ ապագայում համապետական ընտրությունների համատեքստում: Անհրաժեշտ է ՔՊ-ին զրկել մարզային լծակներից, ինչն արագացնելու է ՀՀ-ում իշխանափոխությունը: ՀՀ գործող իշխանությունները տապալվել են ներքին և արտաքին ճակատներում՝ անհրաժեշտ է ուղղակի այդ փաստերը ներկայացնել հանրությանը ու ամենակարևորը՝ առաջարկել սեփական «ճանապարհային քարտեզը», թե ինչպես պետք է դուրս գալ այս աղետալի վիճակից:

Ընդդիմությունը՝ ՔՊ-ականներից պետք է տարբերվի որակական ծրագրերով, որոնք կվերաբերեն տնտեսությանը, նոր աշխատատեղերի բացմանը, արտագաղթի դադարեցմանը, սահմանների ամրապնդմանն ու բանակի հզորացմանը:

Վահրամ Բագրատյան