Անդրանիկ Քոչարյանը Սյունիքի պաշտպանությունը «վստահել» է Իրանին

Անդրանիկ Քոչարյանը Սյունիքի պաշտպանությունը «վստահել» է Իրանին

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն ի նպաստ է մեր ծրագրերի իրականացմանը՝ Մեղրիի ճանապարհի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Օրերս Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի և ՌԴ նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իրենք դեմ կլինեն նման որոշմանը։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ով ուժային համակարգում աշխատելու «փորձ» ունի, ուրախանում է այն փաստից, որ Իրանը պաշտպանում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու Սյունիքի անվտանգությունը: Իսկ ինչ են անում ՔՊ-ականներն ու Անդրանիկ Քոչարյանը հայկական բանակի ամրապնդման կամ Սյունիքի պաշտպանության համար՝ ոչինչ: ՔՊ-ի պատճառով ադրբեջանական զորքերը գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին և սպառնում են գրավել Սյունիքը, եթե նրանց չտրամադրվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը:

ՔՊ-ն որոշել է Արցախի անվտանգության հարցը «գցել» ՌԴ-ի «գրպանը», իսկ Սյունիքի պաշտպանությունը՝ Իրանի: Այս պարագայում հարց է ծագում՝ Անդրանիկ Քոչարյանն ու թիմն ինչ են անում ՀՀ հպարտ ու 2018թ.-ից խաբվող քաղաքացիների համար՝ պարգևավճարներ են ստանում և շրջագայում պետական բյուջեի հաշվին:

Վահրամ Բագրատյան