Իշխանության հերթական PR-ը ու մռայլ իրականությունը

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները ետ չի ստացել. այսպիսի պնդումներ են անում տեղացիները: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախօրեին խորհրդարանում ասել էր, թե Տեղ համայնքում որոշ հատվածներից ադրբեջանցիները ետ են գնացել, սակայն այդպես էլ չէր հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր հատվածից և որքա՞ն։
Տեղ գյուղի բնակիչներին կասկածելու հիմքեր չունենք՝ առնվազն այն պատճառով, որ այդ մարդիկ քաղաքական շահեր չեն հետապնդում:
Ի տարբերություն նրանց, իշխանություններն ու նրա ներկայացուցիչները քաղաքական կոնկրետ օրակարգի կրող են ու հաճախ են դիմում մանիպուլյացիայի՝ PR-ի բաղադրիչով:
Այս դեպքում, մեծ է եղել գայթակղությունը՝ կեղծ պատկեր ներկայացնել, թե իբրև իշխանությունները որևէ դրական ձեռքբերում ունեն, քայլեր են իրականացնում՝ Հայաստանի տարածքների դեօկուպացիայի ուղղությամբ:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թիմը ճգնում է ցույց տալ, որ իր վարած բանակցային քաղաքականության հետևանքով՝ հակառակորդը որոշակի «կառուցողականություն» է ցուցաբերում, այլ խոսքով՝ գեներացվում է, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի օրակարգը:
Իհարկե, իշխանության «վարդագույն» PR-ը որևէ կերպ չի սրբագրում մռայլ իրականությունը ու մեծ իմաստով՝ ուղղված է հասարակության ոչ իրազեկ խմբերի «ուղեղների լվացմանը»:
Վահրամ Բագրատյան