Նարեկ Մկրտչյանն ու Արման Եղոյանը գնացել էին՝ ջհանդամ, բա դու, Մհեր Գրիգորյան, ո՞ւր էիր գնացել նստել դրանց կողքը

Հավատացեք, նորմալ մարդու համար շատ ամոթալի և անպատվաբեր է մասնակցել մի քննարկման, որը կազմակերպել են իրենց արևմտամետ հռչակած այնպիսի «գունագեղ մտքերով» դեմքեր, ինչպիսիք են Արման Բաբաջանյանը, Վազգենի անփառունակ եղբայր Արամ Սարգսյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Տիգրան Խզմալյանը և նախկին «ժառանգական» Հովսեփ Խուրշուդյանը։ Սրանք մարդիկ են, որոնք արևմտյան գրանտներով իբրև թե ժողովրդավարական արժեքներ են քարոզում Հայաստանում։
Այս մարդիկ այսօր քննարկում էին կազմակերպել «Ալեքսանդր» հյուրանոցում, անունն էլ դրել՝ «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» պանելային քննարկում։
Քննարկմանը հրավիրված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:
Այն, որ այս «գունագեղ մտքերով» դեմքերի կազմակերպած քննարկմանը մասնակցում էր Պարույր Հովհաննիսյանը՝ դա նորմալ է, ավելին՝ տրամաբանական և հասկանալի է։ Չզարմացանք նաև Արման Եղոյանի մասնակցությունից, մի փոքր զարմացրեց Նարեկ Մկրտչյանի մասնակցությունը, որովհետև չհասկացանք, թե սոցիալական հարցերի նախարարն իր խիստ «բովանդակային» դեմքով ու մտքերով ի՞նչ էր անում «մարտահրավերների» այս քննարկմանը։ Բայց որ այս քննարկման հրավերն ընդունել և մասնակցում էր կառավարության եզակի նորմալ անդամներից մեկը համարվող Մհեր Գրիգորյանը՝ բոլոր առումներով նորմալ կողմնորոշմամբ, այդ թվում՝ գեոպոլիտիկ, դա մեզ համար, իսկապես, զարմանալի էր։
Լուսահոգի գեներալ Սարոյանը լիներ, կասեր՝ «Արման Եղոյանն ու Նարեկ Մկրտչյանը գնացել էին՝ ջհանդամ, բա դու՝ նորմալ մարդ, ո՞ւր էիր գնացել նստել դրանց կողքը»։
Նկատենք, որ Մհեր Գրիգորյանը՝ իր համակարգման ոլորտով և շփումներով պայմանավորված, ընկալվում է որպես «ռուսական» ուղղվածության փոխվարչապետ։ Հատուկ չենք շեշտում ռուսամետ կամ պրոռուսական, որովհետև Մհեր Գրիգորյանն, իրականում, այնպես չէ, թե պրոռուսական գործիչ է։ Նա հոգու խորքում լավ էլ արևմտամետ է ու թաքնված արևմտամետ, նա հենց արևմտյան արժեհամակարգի կրող է, բայց հուսով ենք՝ այդ արժեհամակարգի դրական կողմերի կրողը, բայց սա, հաստատ, այն տեղը չէր, որտեղ Գրիգորյանի պատկերացրած այդ իրական արևմտյան արժեքների կրողներն էին հավաքված։ Մհեր Գրիգորյանը գուցե հոգու խորքում զզվում է ռուսներից և ռուսական ամեն ինչից, բայց արևմուտքը սիրել կամ ռուսներից զզվել, չի նշանակում գնալ և լուրջ դեմքով նստել «բաբաջ-մաբաջների» կողքին։ Վստահ ենք կամ գոնե հուսով ենք՝ պարոն Գրիգորյանը չի կիսում, օրինակ, նույն Արման Բաբաջանյանի որդեգրած արժեքները՝ իր ողջ ներկապնակով։ Բայց նա, փաստորեն, կա՛մ Նիկոլ Փաշինյանի հստակ ցուցումով, կա՛մ, որ ավելի վատ է, հոժարակամ, գնացել նստել է այդ նույն Բաբաջանյան Արմանի հրավիրած քննարկմանն ու լուրջ դեմքով լսում է, թե ինչեր է խոսում, օրինակ, Ռուբեն Մեհրաբյան անունով մեկը։ Հավատացեք, սա այնքան էլ պատվաբեր չէ ցանկացած մարդու, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ հանդիսացող մարդու համար, հատկապես՝ Մհեր Գրիգորյանի։
Իրականում, այս հանդիպմանը մասնակցելը Նարեկ Մկրտչյանի համար ևս պետք է ամոթալի լիներ, քանզի նա, համենայնդեպս, այս ընթացքում առանձնապես տարօրինակ վարքով աչքի չի ընկել ու նրան ևս կարելի է որոշակի վերապահումով առանձնացնել իր շատ վարկաբեկված թիմակիցներից։
Բայց դա իր գործն է, Եղոյանը նույնպես «դեմ չենք», որ մասնակցեր այսպիսի անձանց կազմակերպած քննարկմանը, բայց ոչ Մհեր Գրիգորյանը։ Լավ է՝ Տիգրան Խաչատրյանին էլ հետը չէր բերել։
Այն, որ Հայաստանի համար իրական մարտահրավերը հենց այսպիսի անձանց գործունեությունն ու ակտիվությունն է, դա, թերևս գիտակցում են բոլորը, այդ թվում՝ այս քննարկման մասնակից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մի քիչ էլ երևի Նարեկ Մկրտչյանը գիտակցի, եթե ՔՊ-ում ուղեղը վերջնական լվացած չլինեն։ Բայց մի ոտքով գնալ ռուսների հետ բանակցել, նրանց հետ «ախպերություն» անել, մյուս ոտքով էլ գալ և մոլի հակառուսական պերսոնաժների, ամեն օր ռուսներին հայհոյողների հետ նստել նույն դահլիճում և լուրջ դեմքով ինչ-որ անհեթեթ քննարկման մասնակցել, դա, կարծում ենք, առնվազն քաղաքականապես կոռեկտ և բարոյապես ընդունելի չէ։ Ու մեզ համար զարմանալի է, որ Մհեր Գրիգորյանի պես հավասարակշռված, թեկուզև թաքնված արևմտամետ գործիչը այսպիսի չմտածված և տարօրինակ քայլերի է դիմում։
Վահե Մակարյան