Քանի՞ անգամ «ջրվեց» «միջանցքը»

Քանի՞ անգամ «ջրվեց» «միջանցքը»

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի և Շուռնուխ գյուղի որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելուց 3,5 տարի անց Արտաքին գործերի նախարարությունը երեկ հաստատել է՝ այդ փուլում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել: 2020 թվականի դեկտեմբերին ստորագրված այդ փաստաթղթով էր, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունն անցավ Ադրբեջանին:

Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունը հասարակությունից գաղտնի էր պահում այս փաստաթղթի գոյությունը՝ մինչև, որ հայտարարեց, թե Գորիս- Կապան ճանապարհը հանձնել է, որպեսզի խուսափի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»:

Երկրորդ անգամ Փաշինյանը «միջանցքը» «ջրեց»՝ արդարացնելու համար 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով Արցախը ճանաչել էր ունիտար Ադրբեջանի մաս:

Այս անգամ էլ հայտարարվում էր, որ «Արցախը պետք է զոհաբերվի, որ միջանցք չտրվի»: Թերևս, Փաշինյանն ու նրա սազանդարները մոռացել էին, որ նույն «արդարացումներն» էին բերվել, երբ հակառակորդին հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը:

Սակայն միջանցքի թեման «չջրվեց» ոչ Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ էլ՝ միջազգային դերակատարների օրակարգից:

Իհարկե, հիմա էլ իշխանության ներկայացուցիչները մեծախոսում են, թե իբրև այդ հարցը դուրս է մնացել խաղաղության պայմանագրից՝ դա ներկայացնելով որպես դիվանագիտական նվաճում:
Հետո պարզվելու է, որ ընդամենը խաղաղության պայմանագիրն է «բեռնաթափվել»՝ առանց Բաքվի օրակարգը «միջանցքի» խոսույթից «բեռնաթափելու»:

 

Վահրամ Բագրատյան