ՔՊ-ականները ջղաձիգ են արձագանքում ընդդիմության առողջ քննադատությանը

ՔՊ-ականները ջղաձիգ են արձագանքում ընդդիմության առողջ քննադատությանը

«Ընդդիմությունը զբաղված է ցանկացած դժբախտ դեպք քաղաքականացնելով և կապելով իշխանության հետ, ինչն առնվազն անբարոյականություն է»: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:

Ցանկացած առողջ քաղաքական համակարգի` ադեկվատ իշխանությունների համար կարևոր է ունենալ պետականամետ, ինտելեկտուալ, առողջ ընդդիմություն, որը կբալանսավորի ներքաղաքական կյանքն ու պետության ամրապնդման «ճանապարհային քարտեզ» կներկայացնի, որից կարող են օգտվել նաև իշխանությունները:

Սակայն ՔՊ-ն բացառություն է. նրանք «խրամատներ» են ստեղծել իրենց և ընդդիմության միջև և ընդդիմության ցանկացած՝ հիմնավոր քննադատությանը պատասխանում են «իսկ ձեր ժամանակ» ոչինչ չասող կեղծ թեզով: 2018թ.-ից ի վեր ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների թիվ մեկ պատասխանատուն՝ գործող իշխանություններն են՝ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 

Երբ ընդդիմությունը մտահոգություն է հայտնում Արցախի ապագայի, անվտանգության հետ կապված՝ ՔՊ-ականները կոնտեքստից դուրս ցիտում են «Մադրիդյան սկզբունքները» և հասարակությանը փորձում են համոզել, որ 44-օրյա պատերազմի արդյունքում գրանցված տարածքային ահռելի զիջումները դեռ «նախկիններն» էին խոստացել Մինսկի խմբին, ինչը սուտ է:

Շուշին և Հադրութը, Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածք «Մադրիդյան սկզբունքներով» չէր զիջվելու Ադրբեջանին, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ՀՀ նախկին նախագահները, ովքեր մասնակցել են արցախյան բանակցային գործընթացին:

ՔՊ-ականների նյարդային արձագանքն ընդդիմության ցանկացած հայտարարությանը խոսում է այն մասին, որ գործող իշխանություններն էլ են գիտակցում մոտալուտ իշխանափոխությունն ու չեն ցանկանում համակերպվել ապագա գործազուրկի իրենց կարգավիճակի հետ:

Վահրամ Բագրատյան