ՀՀ-ն ու Ադրբեջանը անկլավների մասով համաձայնությո՞ւն են ձեռք բերել

ՀՀ-ն ու Ադրբեջանը անկլավների մասով համաձայնությո՞ւն են ձեռք բերել

MediaHub-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անկլավների վերադարձի հարցի շուրջ:

Մասնավորապես, Բաքուն Երևանից պահանջել է առաջին փուլով ստանալ չորս անկլավները, իսկ երկրորդ փուլում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից հետո, ևս չորսը: Եվ ՀՀ-ն այս ժամանակացույցի իրականացմանը չի առարկել:

Ուշագրավն այն է, որ հրապարակումը պատրաստելու պահին տեղեկացանք, որ Ադրբեջանում արդեն պաշտոնական մակարդակում այս մասին խոսվում է: Ավելին, ոչ միայն անկլավների վերադարձի մասին, այլև Հայաստանի վրա նոր հարձակման մասին. Բաքուն չի թաքցնում, որ ռազմական գործողություն է ծրագրում Հայաստանի դեմ, որի մեկնարկը հաշված շաբաթների, ամիսների հարց է:

Այդպես, թշնամի երկրի մեջլիսի պատգամավոր Հասանղոլիևը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը պետք է մայիսին, ամենաուշը հունիսի սկիզբ անկլավները՝ չորս գյուղերը ռազմական գործողությունների ճանապարհով գրավի։ 

Այն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններով Հայաստանին ճնշելու էջը իր համար չի փակել, չնայած նրան, որ, իբրև, ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթաց է ընթանում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Անգամ Փաշինյանն է ասում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը ամենևին էլ չի նշանակում խաղաղություն... և մեր օրերի ողբերգությունը հենց սրանում է՝ անհասկանալի շարժումներ ՀՀ և հայ ժողովրդի համար ողբերգական հետևանքներով: