Պատշգամբներից ներքև էին շպրտnւմ մարդկանց, շատերին ողջ-ողջ այրnւմ, մարմինները խnշտանգում․ Բաքվի ջարդերից 35 տարի է անցել

Պատշգամբներից ներքև էին շպրտnւմ մարդկանց, շատերին ողջ-ողջ այրnւմ, մարմինները խnշտանգում․ Բաքվի ջարդերից 35 տարի է անցել

Արխիվային լուսանկարներ

 

«Իմ մտքի ծայրով երբեք չի անցել, որ 35 տարի անց բարձր ամբիոններից կխոսեն հաշտության, ճանապարհների ապաշրջափակման, փոխշահավետ առևտրի մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում հայերի հետ, դա ծրագրված կոտորած էր, որի ականատեսն ու վկան ենք մինչ օրս»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Աիդա Կարապետյանը, որ մինչև 1990 թվականն ապրել է Բաքվում։ 

Աիդայի խոսքով՝ այդ տարիներին ընդունված կարգ էր ազատ ու անկաշկանդ ապրել Խորհրդային միության երկրներում։ Բազմաթիվ հայ երիտասարդներ ուսանում էին Բաքվի մանկավարժական համալսարանում, նույն պատկերն էր նաև Հայաստանում։ 

«Որևէ խտրականություն Բաքվի հայերի նկատմամբ չի եղել։ Բայց 1990 թվականի հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում՝ ամեն բան գլխիվայր շրջվեց ու փոխվեց։ Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Նախապես ճշտված հասցեներով նրանք հարձակվեցին մեզ վրա, ծեծի ենթարկեցին, կողոպտեցին ու սպանեցին հարյուրավոր հայերի»,- պատմում է ականատեսը։ 

Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր մոտ 250  հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։ Անհայտ կորել են հազարավոր հայեր։

«Կոտորած և բռնի տեղահանություն»,- 35 տարի առաջ տեղի ունեցածն այսպես է մեկնաբանում մեր զրուցակիցը։ 

Բաքվի ջարդերից հետո նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենի Վարդենիս։ 1996-ին վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել Արցախ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթով Շահումյանի շրջանը հանձնելուց հետո, Աիդայի ընտանիքը նորից տեղափոխվել է Գեղարքունիք։ 

«Մեզ սպանում էին հայ լինելու համար։ Ի՞նչ է փոխվել այդ երկրում, որ հիմա հաշտության մասին ենք խոսում։ Տեսեք՝ քանի պատերազմ են սկսել, քանի սերունդ են սպանել, Արցախ են գրավել։ Հիմա ինչպե՞ս կարող է իրենց մեջ ինչ որ բան փոխված լինի։ Բաքվի ջարդերից առաջ, հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ։ Մեր ադրբեջանցի հարևաններն ասում էին՝ մենք ոչնչով օգնել չենք կարող, գնացեք փրկվեք։ Ցուցարարները հակահայկական լոզունգներով գոռում էին Բաքվի կենտրոնական փողոցներում, թե՝ «եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին»։ Հետո ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ամբոխը պատշգամբներից ներքև էր շպրտում մարդկանց, շատերին ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էին անում»,- վերհիշում է Աիդան։ 

Բաքվի ջարդերի մասին լռեցին բոլորը։ Եվ միայն համարձակություն ունեցավ խոսելու ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովը։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայել էր նա, որի համար դարձրել են քաղփախստական։

Հունան Թադևոսյան