Հայաստանում առկա իրավիճակը պարտադրում է նոր մոտեցումներ․ Արսեն Բաբայան

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների մասին շատ ենք խոսել: Բազմաթիվ առիթներով քննարկել ենք նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ այդ ընտրություններում արձանագրված արդյունքների ազդեցության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ցավոք մեր բոլոր կանխատեսումները, հետևանքների առումով, իրականանում են: Նույնիսկ կանխատեսվածից շատ ավելի ծանր հետևանքներ ենք ունենում: Սակայն այս ամենին զուգահեռ իշխանությանը հաջողվում է հաղթել ՏԻՄ ընտրություններում: Վերջին օրինակը Վեդի համայնքն էր: Այդ հաղթանակներին հասնելու ճանապարհները, թեև գիտենք (վարչական ռեսուրսներ, աննախադեպ ճնշումներ, պետական միջոցների հաշվին «բարեգործություն» անվան տակ ընտրակաշառքներ և այլն), սակայն այն վիճակը, որին հասցրել է պետությունն այս քաղաքական մեծամասնությունը, թվում էր, թե պետք է բացառեր նույնիսկ այդ ճանապարհները: Պարզվեց, սակայն, որ այդպես չէ:
Սրա պատճառները կարիք ունեն խորը վերլուծության: Հենց այդ վերլուծությունը վկայում է, որ մեղքի մեծ բաժին ունենք բոլորս: Այո, սկսած քաղաքականությամբ հետաքրքրվողներից մինչև քաղաքական ընդդիմադիր կազմակերպությունները: Ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Մեր հիմնական մեղքն այն է, որ չենք կարողացել մարդկանց համոզիչ բացատրել ու հիմնավոր ներկայացնել իրականությունը: Մեր այս մեղքն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:
Օբյեկտիվների շարքին են դասվում մեր այն համոզմունքները, որ մարդիկ սիրում են իրենց հայրենիքն ու պետականությունը, սակայն սուբյեկտիվ պատճառներից է այն, որ մեզ թվում է, թե մարդիկ չեն կարող չտեսնել ու չզգալ այն իրականությունը, որը քայքայում է մեր պետականությունը և հասարակությանը: Եվ հենց այստեղ է, որ վրա է հասնում արդեն նշածս մեր հիմնական մեղքը. մենք չենք կարողացել մարդկանց համոզիչ բացատրել, հիմնավոր ներկայացնել իրականությունը և ցույց տալ այս վիճակը հաղթահարելու իրական մեխանիզմները:
Ժամանակն է անցնելու աշխատատար ու դժվար աշխատանքի: Ժամանակն է շրջել ամբողջ երկրով ու բոլոր բնակավայրերում մարդկանց հետ խոսել: Մարդկանց հետ անհրաժեշտ է քննարկել իրականությունը, անկեղծորեն, համոզիչ ու հիմնավոր նկարագրել եղելությունը: Ներկայացնել խնդիրների լուծման մեր բանաձևերը: Անհրաժեշտ է լսել մարդկանց տեսակետները (դրանք կարող են նաև մեզ դուր չգալ, բայց պարտավոր ենք լսել և դասեր քաղել) և, որ ամենակարևորն է, կյանքի կոչել մարդկանց իրական ցանկությունները: Ես համոզված եմ, որ մարդկանց այդ սպասումները և ցանկություններն ունեն մեկ հիմնական նպատակ, այն է՝ ավելի ուժեղ ու ավելի հզոր ՀԱՅԱՍՏԱՆ:
Վաղվանից սկսում եմ ընկերներիս հետ իրագործել այս կարևոր առաքելությունը ու համոզված եմ, որ միասին հաջողելու ենք»: