Պատերազմն առաջինը Հարավում սկսվեց․ մեկշաբաթյա դժոխային շրջափակումից հետո գյուղը վերջինը հայաթափվեց

Պատերազմի ձայնը Ասկերանի շրջանի Հարավում լսվեց սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ պահին աշխատանքի բերումով գնացել էր Ստեփանակերտ, որը գյուղից գտնվում է 14 կմ հեռավորության վրա։
«Նոր էի հասել քաղաք, երբ լսեցի առաջին պայթյունի ձայնը։ Գիտեք, Հարավը բարձրադիր գոտում է և դիրքերը երևում են Ստեփանակերտից։ Անմիջապես հետ գնացի գյուղ։ Պարզվեց, որ ադրբեջանական հարակից դիրքերից, որոնք այնտեղ հայտնվել են 2020-ի պատերազմից հետո, խոշոր տրամաչափի զինատեսակներով հրետակոծել են հայկական դիրքերը։ Գնահատելով իրավիճակն ու հաշվի առնելով բնակչության անվտանգությունը, զանգահարել եմ Ասկերանի շրջվարչակազմ՝ տարհանում կազմակերպելու համար։ Վարչակազմի ղեկավարն էլ իր հերթին զանգել է պետնախարարին ու ինձ փոխանցել, որ տարհանում առայժմ մի կազմակերպեք, քանի կրակոցները դադարել են»,-պատմեց Ղազարյանը։
Համայնքի ղեկավարը, սակայն, պատկերացնելով հետագա սցենարը, բնակիչների հետ քննարկել ու կազմակերպել է տարհանումը։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան ապահովվել է անհրաժեշտ քանակի վառելիքով ու 208 հոգու մի քանի երթով տեղափոխել Ստեփանակերտ։
«Կեսօրին սկսվեց իսկական պատերազմը՝ բոլոր ուղղություններով։ Մենք շարունակում էինք բնակիչների դուրսբերումը գյուղից, այդ ժամանակ «սնարյադներով» նաև քաղաքի ուղղությամբ էին խփում։ Վերջին «ռեյսով» մենք կազմակերպեցինք ուտելիք ու հագուստ էլ ուղարկեցինք, քանի որ մեր բնակիչների մեծ մասը Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղում էին, բոլորն իրար հետ։ Երբ վերջին բնակիչները դուրս եկան գյուղից, հաշված րոպեներ հետո ադրբեջանցիները փակեցին գյուղ բերող ճանապարհը։ «Հարավի յալ» կոչվող հատվածում արդեն իրենք էին, մենք էլ մոտ 70 հոգով շրջափակված մնացինք գյուղում, իսկ մարտերը շարունակվում էին»,- պատմեց համայնքի ղեկավարը։
Հարավը, որն առաջինն է ընդունել պատերազմի մարտահրավերը, որպես բնակավայր դատարկվել է վերջինը։ Շուրջ 7 օր գյուղի տղամարդիկ պաշտպանել են Հարավը, անգամ հրադադարից հետո գիշերային հերթափոխով հսկել այնտեղ։ Անդրանիկ Ղազարյանի խոսքով, գյուղից միայն մեկ հոգի բեկորային վնասվածք է ստացել այն ժամանակ, երբ սկսել են հրիռակոծել գյուղի մերձակայքը։ Հարավից տեսանելի էր ադրբեջանցիների նոր հենակետը, որ տեղադրել էին գյուղ մտնող ճանապարհին։ Այդ վայրը ռազմավարական նշանակություն ուներ նրանց համար, քանի որ միջշրջանային մայրուղի էր, որը կապում էր Մարտունու շրջանը Ստեփանակերտի հետ, Ասկերան շրջկենտրոնը՝ վերին ենթաշրջանի հետ։ Բավականին բարձր գոտի է, որտեղից տեսանելի էր նաև Շուշին ու մյուս բնակավայրերը։
«Մենք կապ չունեինք, քանի որ հարյուրավոր արկերով հրետակոծվել էին Բովուրխանի կապի աշտարակները։ Սեպտեմբերի 21-ին նկատեցինք, որ դեպի թշնամական նոր հենակետ են մոտենում ռուսական դրոշներով ավտոմեքենաներ, հետո անցան ու բռնեցին գյուղի ուղղությունը։ Հավաքվեցինք, մոտեցանք․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն էր, խաղաղապահ զորակազմի հրամանատար Կուլակովը, ադրբեջանցի մի բարձրաստիճան սպա ու ռուս խաղաղապահների 2 «BTR»՝ իրենց անձնակազմով։ Խոսեցինք, ասացի, որ գյուղում հիմնականում տղամարդիկ են և չգիտենք ի՞նչ անել, ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը։ Շահրամանյանն ասաց, ովքեր ուզում են գնալ Ստեփանակերտ մենք այս պահին ապահովում ենք դուրսբերումը, ովքեր ոչ, 3 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի, բոլորը կվերադառնան իրենց տները, հետո արդեն քաղաքական որոշումներ կկայացնենք, բայց այս պահին պիտի հանգստություն ցուցաբերենք, ամեն մարդու իր տունը վերադառնալու հնարավորություն ստեղծենք»,- պատմեց Անդրանիկ Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ օրերին դեռ հստակ պարզ չէր, թե ի՞նչ էր լինելու հետո։
«Մի քանի հոգի գնացին, մենք որոշեցինք մնալ։ Մնացինք, որ տեր կանգնենք մեր ունեցածին, մտածելով, որ իրավիճակ կփոխվի և գյուղացիները նորից կվերադառնան։ Մնացինք այն պայմանով, որ ռուս խաղաղապահների մեկ «էկիպաժ» մնա գյուղում, որ չկրակեն։ Նախագահն առաջարկեց, խաղաղապահների հրամանատարը համաձայնեց․ 3 օրով նրանք պետք է մնային գյուղում։ Խաղաղապահների մեքենան կանգնեց դիրքային հատվածում, մենք էլ ապահովեցինք նրանց կեցության և ուտելիքի հարցը։ Ում տանն ինչ կար, մինչև վերջին կտոր հացը բերել էինք»։
Գյուղի տղաները 2 օր ամեն ինչ անում էին խաղաղապահների «կոմֆորտն» ապահովելու համար։ Ղազարյանն ասում է, որ չնայած պատերազմին ու կորուստներին, իրենք վստահ էին, որ Արցախը չի հայաթափվելու, գյուղն ապրելու է։
Սակայն, սեպտեմբերի 23-ի առավոտյան խաղաղապահները գործի են դրել իրենց BTR-ն ու լքել գյուղը, ասելով՝ «հրաման ունենք, պիտի գնանք կենտրոնակայան»։ Եվս 2 օր հարավցի տղամարդիկ չգիտեին ի՞նչ է կատարվում գյուղից դուրս։ «Ո՛չ բջջային կապ կար, ո՛չ ինտերնետ։ Բարձրացել եմ գյուղի բարձունքներ, որ կապ հաստատեմ կառավարության և վարչակազմի հետ։ Ես ներկայացրել եմ իրավիճակը, որ ռուսները գնացել են, ադրբեջանցիները գյուղի մուտքում են, մենք շրջափակված ենք։ Պետնախարարն ասաց՝ «սպասեք, Մարտունու շրջանը տարհանվում է, իրենց հետ դուրս կգաք»,- մանրամասնեց նա։
Սեպտեմբերի 25-ին Հարավում մնացած մոտ 60 տղամարդ, մեծ մասն իրենց մեքենաներով լքեցին գյուղը, չմտածելով, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվում է։
««Հարավի յալ»-ում ադրբեջանցիները մեկ առ մեկ կանգնեցնում և ստուգում էին մեր մեքենաները, հավանաբար իրենց ներկայացման մի մասն էր։ Այդտեղ խցանում էր։ Ստեփանակերտ տանող ճանապարհը երբևէ այդքան երկար չէր եղել։ Անձրև սկսվեց, նրանք արագացրին գործընթացը։ Արդեն Ստեփանակերտում լսեցինք վառելիքի պահեստի պայթյունի լուրը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շուրջ մեկ շաբաթ հարավցիները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ պահել են գյուղը, որից հետո այն ամբողջությամբ հայաթափվեց, ինչպես մյուս բնակավայրերը։
Հունան Թադևոսյան