Ռուսները նո՞ր հասկացան, որ հայկական կոնյակը «վտանգավոր» է, և ինչո՞ւ է այն ՌԴ-ում վաճառվում ջրի գնով

Ռուսները նո՞ր հասկացան, որ հայկական կոնյակը «վտանգավոր» է, և ինչո՞ւ է այն ՌԴ-ում վաճառվում ջրի գնով

Գաղտնիք չէ, որ հայկական կոնյակն ու գինին արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, և հենց ռուսական շուկայի շնորհիվ են այսօր հայկական կոնյակ արտադրողները գոյատևում, նույնսիկ աճում ու բարգավաճում։ Բայց պարզվում է՝ մեր կոնյակը ռուսների համար այնքան էլ լավը և անվտանգ չէ։

Ռուսաստանի Դաշնության «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են իրականացրել ու պարզել են, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Իրականում, ռուսները ճիշտ են ասել՝ ռուսական շուկայում սպառվող հայկական «լեգենդար» կոնյակը, իրականում, այն լեգենդար կոնյակը չէ, որը սիրել են համաշխարհային առաջնորդները, որի մասին մենք՝ հայերս, լեգենդներ ենք հյուսել ու որի հաշվին փորձում ենք ոտք մեկնել իրական լեգենդար ֆրանսիական կոնյակի հետ։ Բայց քանի որ մենք սիրում ենք ինքներս մեզ համար լեգենդներ հյուսել, դրանց հավատալ ու տարածել, հետևաբար թող հայկական կոնյակի լեգենդն էլ այդպես մնա, մենք էլ թող հավատանք, որ իսկապես ունենք համաշխարհային մակարդակի բարձրակ կոնյակ։ Իրականում ունենք, բայց դա հաստատ ռուսական շուկա արտահանվողը չէ։

Ռուսական շուկա մենք արտահանում ենք ռուսաստանյան ստանդարտներին ու պահանջներին համապատասխան կոնյակ։ Իսկ ռուսական ստանդարտները, մեղմ ասած, այդքան էլ բարձր չեն, իրենց պահանջներն ու պայմաններն էլ այնպիսին չեն, որ հայ արտադրողը շահագրգռված լինի բարձրորակ արտադրանք արտահանել Ռուսաստան։ Դրա համար էլ այսօր ռուսաստանյան խանութներում կարելի է հայկական կոնյակ ձեռք բերել բառացիորեն ջրի գնով։ Այո՝ հենց այդպես, ջրի գնով։ Ահավասիկ, 3 աստղանի մի շարք հայկական կոնյակներ՝ «Տարոս», «Արծրունի», «Քարահունջ», «Agata Gold», «Օրրան», «Արփինե», «Գագիկ Թագավոր», «Old Gyumri» և այլն, կարելի է ձեռք բերել 600-800 ռուբլի արժեքով, օրինակ՝ 601 ռուբլի, 623 ռուբլի, 683 ռուբլի, 730 ռուբլի, 746 ռուբլի, 793 ռուբլի։ Հայկական դրամով սա կազմում է 2300-3100 դրամ։ Այսինքն՝ մեկ շիշ երեքաստղանի հայկական կոնյակը Ռուսաստանի Դաշնությունում վաճառվում է ընդամենը 2-3 հազար դրամով։

Ուշագրավ է, որ մոտավորապես նույն գինն ունեն Ռուսաստանի խանութներում վաճառվող արտասահմանյան AquaAngels խմելու ջրերը՝ 595 ռուբլի, 630 ռուբլի, 684 ռուբլի, նույնսիկ կրկնակի թանկ՝ 1680 ռուբլի։ Այսինքն՝ դրսից ներմուծված ջուրը ՌԴ-ում ավելի թանկ է, քան հայկական կոնյակը։ Հիմա կարելի է տարրական հաշվարկ անելով պատկերացում կազմել, թե որքա՞ն է կազմում Ռուսաստան արտահանվող հայակկան կոնյակի ինքնարժեքը, այլ կերպ ասած՝ ինչքա՞ն է «նստում» հայ արտադրողի վրա մեկ շիշ երեք տարեկան կոնյակ արտադրելը, որ այն արտահանելուց հետո ՌԴ-ում վաճառվում է բառացիորեն ջրի գնով՝ 2-3 հազար դրամով։ Մոտավոր հաշվարկով՝ մեկ շիշ հայկական «լեգենդար» կոնյակի ինքնարժեքը կազմում է 500-1000 դրամ, որի վրա գումարվում են արտադրողի հետապնդած շահույթը, լոգիստիկ ծախսերը, հարկերը, որի վրա էլ արդեն ռուս վերավաճառողն է իր շահույթն ու մնացածը ավելացնում, ու այդքանից հետո հայկական կոնյակի գինը չի գերազանցում 3000 դրամով։ Այդքան էժան կոնյակ անգամ այստեղ՝ Հայաստանի խանութներում է դժվար գտնել։ Հետևաբար, ենթադրել կարելի է նաև, թե այդ գնով ինչ որակի կոնյակ ենք ձեռք բերում։

Այսինքն՝ կարելի է ընդունել, որ ռուսները ճիշտ են՝ հայկական կոնյակը, մեղմ ասած, այդքան էլ բարձրորակ չէ, եթե չասենք՝ անվտանգ չէ։

Իսկ ինչո՞ւ են ռուսները հենց հիմա հիշել այդ մասին։ Այսքան տարի իրենց իսկ թույլտվությամբ հայ արտադրողները տոննաներով «վտանգավոր» կոնյակ են արտահանել Ռուսաստան, և ռուսները ոչ մի հետազոտություն չեն արել կամ արել և աչք են փակել արդյունքների վրա, որովհետև այդ որակը հենց իրենք են պարտադրել։ Մեզ ասացին՝ ռուսները այնքան ցածր գին են սահմանել հայկական կոնյակի համար, որ հայ արտադրողները ստիպված են եղել այդ գինն ապահովել որակի հաշվին, այսինքն՝ ցածր որակի արտադրանք տալ, որ կարողանան դրա համար նաև ցածր՝ ռուսների համար ընդունելի գին սահմանել։ Ու գնացել են այդ քայլին, քանզի հայ գործարարները չեն կարող իրենց ձեռքից բաց թողնել ռուսական շուկան, որն իրենց համար միակն ու կենսականն է՝ ռուսական շուկային համարժեք այլընտրանք չունեն։

Շատերի կարծիքով՝ ռուսների կողմից այսպիսի «անակնկալ» հետազոտության պատճառը Հայաստանի վարած հակառուսական քաղաքականությունն է, այսինքն՝ սա տեղավորվում է Լարսում արհեստական հերթերի, ֆիտոսանիտարական խստացումների շրջանակում։ Այլ՝ ավելի հոդաբաշխ բացատրություն չենք գտնում, հակառակ պարագայում՝ ինչպե՞ս է ստացվում, որ առաջ հայկական կոնյակը անվտանգ էր, իսկ հիմա հանկարծ դարձավ վտանգավոր։

Վահե Մակարյան