Մանդատներն ինքնակամ վայր դնելու որոշում չունենք․ իշխանությունը մեզ հայրենիքից է զրկել, մանդատն ի՞նչ է, որ մանդատի մասին մտածենք․ ընդդիմադիր պատգամավորներ

Մանդատներն ինքնակամ վայր դնելու որոշում չունենք․ իշխանությունը մեզ հայրենիքից է զրկել, մանդատն ի՞նչ է, որ մանդատի մասին մտածենք․ ընդդիմադիր պատգամավորներ

Այս իշխանությունը մեզ հայրենիքից է զրկել, մանդատն ի՞նչ է, որ մանդատի մասին մտածենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով իրենց՝ մանդատներից զրկելու հավանական որոշման մասին։

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով իշխանականները Սահմանադրական դատարան են դիմելու․ նախագիծը պատրաստ է։ Նախագծով առաջարկվում է մանդատից զրկել կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի բացակայելու հիմքով։ Նախագծում ներառված է 33 պատգամավորի անուն։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հաճելի գործընթաց է սկսվել։ Ավելի ուշ արդեն մամուլում խոսվում էր այն մասին, որ պատգամավորները չեն սպասի ՍԴ որոշմանը և իրենք առաջինը մանդատները վայր կդնեն։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ ամեն տեղեկության մեկնաբանություն տալ չի ուզում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ խմբակցությունում նման որոշում չկա։

«Հստակ ասում եմ՝ ինքնակամ մանդատները վայր դնելու որոշում չունենք։ Բայց եթե խոսենք սպասումների մասին, ապա կարծում եմ՝ Սեդա Սաֆարյանի ներկայությունը ՍԴ-ում վկայում է այն մասին, որ իշխանությունն իր ուզած պատկերը կստանա»։

Լիաննա Թորոսյան