Անհրաժեշտ է խնդրանքով ուղիղ դիմել Վլադիմիր Պուտինին․ Արամ Սարգսյան

Արդեն մեկ օր է, ինչ արցախցիները շրջափակման մեջ են. ադրբեջանցի այսպես կոչված «ակտիվիստներ», որոնց մի մասը պահեստազորի սպաներ են, փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ 

«Սա շատ հստակ պլանավորված ակցիա է ադրբեջանցիների կողմից, իրենք դեռևս դեկտեմբերի 3-ին արդեն ամեն ինչ նախապատրաստել էին և ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, անպատասխան թողեցին, հիմա ավելի լկտիացան ու շարունակեցին: Այսպես դեռ երկար կմնա, եթե որևէ գործողություն չարվի ՀՀ իշխանություննների կողմից»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ կուսակցությունը բոլոր առաջարկությունները մշտապես ուղարկում է նաև Արցախի ղեկավարին, մշակել են առաջարկ՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության, որը չի օգտագործվել։ 

«Մենք քայլեր պետք է անենք ,ոչ թե անընդհատ խոսենք ու խոսենք, այլ պետք է հստակ գործողությունների անցնենք. ո՞ւմ ենք սպասում։ Հիմա արդեն ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել»,-ասաց Սարգսյանը:

Ըստ Դեմկուսի նախագահի՝ Արցախի Հանրապետությունը թեպետ չի ճանաչվել, բայց կա սուբյեկտայնություն և պետք է օգտագործել այդ փաստը։ 

«Անհրաժեշտ է ուղիղ դիմել Վլադիմիր Պուտինին խնդրանքով, պետք է առնվազն երկու կամ երեք անգամ ավելացնել խաղաղապահների քանակը, սպառազինությունը, ամենակարևորը՝ ռուս խաղապահներին պետք է տրվի լրազորություն՝ ուժ կիրառելու, երբ իրականացվում է սադրանք, ինչպիսին հիմա է»,-ամփոփեց Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։