Ռուս խաղաղապահները վստահեցրել են՝ Արցախի նկատմամբ նոր սադրանքներն անպատասխան չեն մնա

Ռուս խաղաղապահները վստահեցրել են՝ Արցախի նկատմամբ նոր սադրանքներն անպատասխան չեն մնա

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում էր, որ, կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հարցեր։

MediaHub.am-ին Արցախից փոխանցեցին, որ հանդիպման ընթացքում ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ եթե Ադրբեջանը սադրանքներ իրականացնի Արցախում, ապա նրանց գործողությունները անպատասխան չեն մնա։

«Հանդիպումը կրկին նախաձեռնվել էր խորհրդարանական խմբակցությունների կողմից։ Թեև քաղաքական հարցեր ևս հնչել են, բայց խաղաղապահները դրանց չեն արձագանքել։ Խոսել են միայն իրենց առաքելությանը վերաբերող հարցերից։ Նշեմ, որ մեր պատգամավորներն անդրադարձել են նաև Հայաստանում և վերջերս նաև Արցախում հակառուսական տրամադրությունների սերմանման հարցին և դրանց տարածումը կանխելուն»,-նշեցին Արցախից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի ուղղությամբ հարձակման հավանականության վերաբերյալ հարցեր։

Անի Գևորգյան