Երբ երեկոյան բժիշկն ասաց՝ «փոքրիկը ծնվել է», ամուսինս ճանապարհվեց Եռաբլուր՝ որդուս հայտնելու, որ պապա է դարձել

Երբ երեկոյան բժիշկն ասաց՝ «փոքրիկը ծնվել է», ամուսինս ճանապարհվեց Եռաբլուր՝ որդուս հայտնելու, որ պապա է դարձել

«Նրան Լուսե անունն ենք դրել, որ լույս բերի մեր տուն, որ լույսով լցնի մեր կյանքը, ջերմացնի քարացած սրտերը, ապրեցնի մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Գոհար Սարգսյանը։

Հոր զոհվելուց 7 ամիս հետո լույս աշխարհ է եկել սեպտեմբերյան մարտերի ժամանակ անմահացած Տիգրան Սարգսյանի դուստրը։ Լուսեն Տիգրանի ու Աննայի առաջնեկն է։ Տիգրանի մայրը՝ Գոհարը, պատմում է, որ մայիսի 6-ին ծննդատանն ուրախությունն ու տխրությունը միախառնվել էին իրար։

«Երեխան ծնվել է, իսկ մենք անընդհատ արտասվում էինք։ Մարդիկ կողքից նայում ու զարմանում էին, որ եթե «ամեն ինչ նորմալ է», ինչի՞ համար ենք լացում։ Շուտով 8 ամիս կլինի՝ մենք չենք ապրում, ընդհանրապես Տիգրանի զոհվելուց հետո կյանքը կանգ է առել մեզ համար։ Լուսեիս ծնունդն ամենասպասված իրադարձությունն էր, նա Տիգրանիս կտորն է, նրա արյունը»։ 

Զույգն ամուսնացել է Արցախի շրջափակման ժամանակ, և հավատ ունեին, որ իրավիճակը կլավանա։ 2023-ի սեպտեմբերի 12-ին դիրքեր գնալուց առաջ  Աննան ամուսնուն անակնկալորեն ասել է, որ հղի է։ Երեխայի լույս աշխարհ գալու լուրն էլ ապագայի հանդեպ միայն լավատեսություն էր ներշնչել։ Մայրն ասում է՝ այնտեղից ամեն օր զանգահարել ու հետաքրքրվել է կնոջ առողջական վիճակով ու խոստացել՝ դիրքերից իջնելուց հետո միասին կգնան բժշկի։ 

Ուղիղ մեկ շաբաթ անց սկսվում է պատերազմը։ «Կաշեն»-ի հանքավայրի ուղղությամբ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը կատաղի մարտեր է վարել։ Այստեղ մահացու վիրավորում էր ստացել Տիգրան Սարգսյանը։ Նրա մարմինը հայտնաբերվել է զոհվելուց ամիս ու կես անց՝ ԴՆԹ հետազոտությամբ։ Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Մայիսի 6-ին ամբողջ օրը եղել ենք ծննդատանը։ Երբ ուշ երեկոյան բժիշկն ասաց՝ «փոքրիկը ծնվել է, ինքն էլ, մայրն էլ լավ վիճակում են», ամուսինս միանգամից ճանապարհվեց Եռաբլուր, որ որդուս ինքը հայտնի լուրը, որ պապա է դարձել։ Գիտե՞ք՝ դա ինչ ցավ է։ Մեր կողքին Տիգրանիս ընկերներն էին, այն մարդիկ, որ ամեն օր Ստեփանակերտի մեր տանն էին, նրանց մեջ ես Տիգրանիս էի փնտրում»,- ասում է տիկին Գոհարը, ափսոսում, որ որդին, որն այնքան շատ էր ուզում հայր դառնալ,  չվայելեց այդ ուրախությունը։ 

Ծննդաբերության ժամանակ մինչև վերջ Աննայի կողքին է եղել Տիգրանի քույրը։ «Ձեռքը մի վայրկյան բաց չի թողել, իր հետ ցավ է ապրել, մինչև ծնվել է երեխան։ Հիմա Էլինան ասում է, որ «եղբայրս մեզ մենակ չի թողել, իրենից այս լույսն է թողել, որ մեղմի մեր հոգու ցավը»։ Աննան շարունակելու է ապրել մեզ հետ։ Նա Տիգրանի կարոտը մեզնից է առնում, մենք՝ իրենից»։ 

Երեխան իր ծնունդով ապրելու նոր հույս է բերել Սարգսյանների ընտանիքին, որ իմաստավորի երիտասարդ տարիքում այրիացած մոր կյանքը, բուժի որդու կորստից ցավող պապի ու տատի սրտերը։

Հունան Թադևոսյան