Ինչո՞ւ են դժգոհում զոհերի ծնողները

Ինչո՞ւ են դժգոհում զոհերի ծնողները

44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին չի բավարարել որոշումը, որով դատախազությունը ցուցում է տվել Հակակոռուպցիոն կոմիտեին զոհված զինվորներին տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ։

Մի խումբ ծնողներ նախ և առաջ պահանջում են մեղադրյալ ներգրավել վարչապետին, դատախազի ցուցումով այս հարցը պետք է որոշի պատերազմին առնչվող մի շարք գործեր քննող Հակակառուպցիոն կոմիտեն։

Ծնողներն այսօր կրկին դատախազության շենքի առջև էին հավաքվել։

Ծնողների պահանջի հիմքում վարչապետի հայտարարությունն է. Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Ազգային ժողովում ասել էր, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց՝ առանց զոհերի։

Ծնողների դժգոհությունը միանգամայն տեղին ու լեգիտիմ է։

Բանն այն է, որ նրանց տուժողի կարգավիճակն ամենևին էլ չի երաշխավորում, որ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվելու։ Ավելին, մեծ է հավանականությունը, որ դատախազությունն ընտրել է գործը «սառեցնելու» տարածված մարտավարությունը։ Նախաքննությունը երկու ամիս կընթանա, այդ ընթացքում գուցե կրքերը մարեն, որից հետո նախաքննության մարմինը կհայտարարի, որ Փաշինյանի խոսքում հանցակազմ չկա, հետո՝ կգտնեն մի քանի սպաներ կամ հրամանատարներ, որոնց «կկարգեն» մեղավոր։

Հենց այս սցենարն է, որ վախեցնում է զոհված զինծառայողների ծնողներին, որոնք նախ չեն հեռանում դատախազության շենքի մոտից, ապա և պահանջում են սպառիչ դիրքորոշում, քրեաիրավական գնահատական Փաշինյանի հայտարարությանը։

Իհարկե, թե ծնողները, թե բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս իշխանության օրոք արդարությունը չի բացահայտվելու։ Հենց այդ պատճառով է, որ զոհերի ծնողներն իրենց պայքարը դիտարկում են ընդդիմադիր շարժման համատեքստում՝ ձգտելով օր առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։

Վահրամ Բագրատյան