Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։
Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։
Ուկրաինական բանակցային խմբի անդամի խոսքով՝ երկխոսության կողմերը սկսել են համաձայնագրեր մշակել, որոնց մանրամասները դեռ չեն հաղորդվում։
«Հենց որ փոխադարձ իրավական ձևաչափերը մշակվեն, կնշանակվի հանդիպում՝ բանակցությունների չորրորդ փուլը, դա կարող է վաղը, մյուս օրը լինել, երևի պետք չէ ավելի առաջ գնալ և պարզապես խոսակցություններ վարել։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այժմ փորձում ենք այդ հարցերը «փաթեթավորել» իրավական ձևաչափերի մեջ»,- ասել է Պոդոլյակը։
Նա նշել է, որ բանակցությունների արդյունքը պետք է «հաշվի առնվեն այն անվտանգության երաշխիքները, որոնք ցանկանում է ստանալ նաև Ռուսաստանի Դաշնությունը, որն ունի իր մտավախությունները մի շարք գլոբալ ռազմական դաշինքների հետ կապված»։
Ուկրաինական կողմի ներկայացուցիչը նաև նշել է, որ կողմերը քննարկում են տարբեր առաջարկներ։ «Դրանք բազմաթիվ են, տասնյակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանք առնչվում են կրակի դադարեցմանն ու ռուսական զորքի դուրս բերմանը։
Պոդոլյակը տեղեկացրել է, որ երբ պատրաստ լինի փաստաթղթի ավարտական տարբերակը, կհանդիպեն և այն կստորագրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։