«Հարցրեցին՝ «ախպեր, եթե հայ եք, Հայր մերը ասեք»․ ձորակով մեկ Տերունական աղոթքն էր...»

«Հարցրեցին՝ «ախպեր, եթե հայ եք, Հայր մերը ասեք»․ ձորակով մեկ Տերունական աղոթքն էր...»

«Ես նախընտրում եմ պատերազմի մասին չխոսել, որովհետև ինձ այդպես են սովորեցրել, խոսում են հիմնականում նրանք, ովքեր չեն տեսել». Արցախի աշխարազոր ուժերի 33-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Ավանեսյանի հետ խոսում ենք անցած-գնացած օրերից։ Հարցազրույցին նախապատրաստելու համար բավականին երկար ժամանակ էր պետք․ պատմում էր հիմնականում իր մարտական ընկերների՝ Արմենի, Օնիկի, Դավիթի, Նորայրի, Սասունի ու Արթուրի, Ալբերտի ու Արսենի, Կարենի ու մյուսների, ինչպես նաև 305, 306, 307, 309, 310 և 311 մարտական դիրքերի հերոսության մասին, որ թշնամուն «լավ ջարդ են տվել»։ 

«Սովորական օր չէր սեպտեմբերի 19-ը։ Գոնե մենք գիտեինք, որ եթե ոչ այդ օրը, ապա մոտակա օրերին պատերազմ լինելու է։ Դրա համար նախապատրաստվում էինք։ Համար 1 հրամանով Ասկերանի վերին ենթաշրջանում էինք։ Տեղորոշում էինք հետախուզական հենակետերը, կատարում մի շարք ծառայողական առաջադրանքներ, ուժեղացնում դիտարկումները։ Երբ վերադարձանք Կարմիր գյուղ, առաջին հրթիռն արձակվեց ուղիղ մեր բազայից քիչ վերև, տան տանիքը փլվեց։ Հետո բնակչության շրջանում սկսվեց խուճապը։ Նման իրավիճակում պետք էր նախևառաջ բնակիչների անվտանգությունն ապահովել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Հակոբ Ավանեսյանի խոսքով՝ միջդիրքային տարածքների, համայնքային ճանապարհների ու մեքենաների ուղղությամբ կրակում էին անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ 

«Չորսբոլորը ծուխ էր, բնակիչները բնակաբար վախեցած։ Բնակիչները սկսեցին տարհանվել, ոտքով, այլ տարբերակ չունեինք։ Մեզանից մոտ 5 կմ հեռավորության վրա էր Ներքին Սզնեքը, այնտեղ թշնամու կողմից առաջին ճեղքումն էր, համայնքի ղեկավարն էլ մեզ հետ միասին իջել ենք ու փորձել անվնաս բնակիչներին տեղափոխել, նրանց անց ենք կացրել ճանապարհի մյուս կողմը, մենք անցել մարտերի։ Կյանքն անտառներում էր, երեխաներ, ծերեր, կանայք, մի խոսքով, անմարդկային տեսարաններ։ Ցավոք, կորուստներ էլ եղան ճանապարհին»։ 

Աշխարհազոր ուժերի ու բանակի կողքին կյանքի ու մահվան կռիվ էին տալիս Կարմիր գյուղի, Սարուշեն, Սզնեք, Խաչմաչ համայնքների տղաները։ «Ե՛ւ զոհեր, և՛ վիրավորներ ենք ունեցել։ Դիրքերում, գյուղերում թեժ մարտեր վարող տղաներից բացի, Ավանեսյանի խոսքով, հարգանքի ու մեծարման են արժանի նաև 3 կին ծառայողներ՝ Ռուզաննան, Սուսաննան ու Արմինեն։ Ավելին են արել, քան պետք էր»,- շեշտեց նա։ 

Սեպտեմբերի 20-ի կեսօրին հրանոթների ու թնդանոթների լռությունը ազդարարեց ամենացավոտը՝ Արցախի անկումը։ Մեր զրուցակիցն ասում է, որ դրանից հետո շուրջ 3 օր աշխարազորի, բանակի ու հատուկ նշանակության ջոկատի տղերքը եղել են շրջափակման մեջ։ 

«Առաջ ու հետ գնալու տեղ չկար։ Թշնամին փակել էր Ստեփանակերտ տանող ճանապարհը՝ Քռասնի-Աջափնյակ հատվածում։ Մեր տարբեր ստորաբաժանումների զորքը գտնվում էր «Բովուրխան»-ի անտառներում։ Տեղանքը բարդ էր։ Այդ հատվածում քարաժայռեր են, ամենուր լսվում են ձայներ, կանչում են իրար, մեզ էլ նկատեցին։ Ինչ-որ տեղից մեկն ասաց՝ «հա՞յ եք», ասացինք՝ հա, հարցրեցի՝ «իսկ դու՞ք», պատասխանեցին՝ «մենք էլ ենք հայ, եկեք, առաջ եկեք մեզ մոտ»։ Բայց քանի որ թշնամու հատուկջոկատայինները նաև հայերեն լեզվին էին տիրապետում, սկսեցինք կասկածել իրար։ Մեկ էլ հարցրին՝ «ախպեր, եթե հայ եք, Հայր մերը ասեք», ես ասացի՝ «եկեք ուրեմն միասին»։ Ամբողջ ձորակում մենք Տերունական աղոթքն էինք բարձրաձայն արտասանում, մեր տղերքն էին»,- հիշեց նա։

Տղաները հավաքվել են իրար մոտ ու իրավիճակից դուրս գալու ելքեր սկսել փնտրել։ Դրա համար պետք էր հատուկ մարտավարական պլան, քանի որ հավանականությունը մեծ էր, որ տեղային մարտ կսկսվի, կամ ինչպես մեր զրուցակիցն է ասում՝ «Կրկժանի օրինակով հնարավոր էր քաղաքի վրա կրակեն, քանի որ մեզ հետ նաև տանկիստներ ու «ԲՄՊ»-իստներ կային»։ 

«Քռասնիի ոլորաններում մեր ճեղքման փորձը կանխվեց։ Ասացին՝ «առաջ չգաք, կգան ձեր հետևից»։ Սեպտեմբերի 23-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցելուց հետո ռուսական կողմի մասնակցությամբ եկան մեր հետևից, մենք էլ տուն վերադարձանք»։ 

Հակոբ Ավանեսյանը երկար տարիներ դասավանդել է արվեստի դպրոցում, զբաղվել լրագրությամբ, վարել հաղորդումներ։ 2020 թվականի պատերազմից հետո վճռական որոշում է կայացրել թողնել սիրելի աշխատանքն ու ծառայել Արցախին։ Կնոջ ու երեխայի հետ բռնի տեղահանումից հետո ապաստանել է Երևանում, փորձում է աշխատանք գտնել ու պիտանի լինել Հայաստանին։ 

Հունան Թադևոսյան