Եվ եթե այսօր հաղթանակի տոն է, ապա այն պետք է նշեմ Եռաբլուրում ննջող իմ ընկերների հետ 

Եվ եթե այսօր հաղթանակի տոն է, ապա այն պետք է նշեմ Եռաբլուրում ննջող իմ ընկերների հետ 

«Ի՞նչ հաղթանակի տոն, եթե ամեն ինչ արժեզրկվել է ու գնալով իմաստազրկվում են ինչպես հաղթանակները, այնպես էլ հաղթանակ կերտողները։ Ու ընդհանրապես, այսօր բոլոր նրանց օրն է, ովքեր գնացին հաղթանակի հետևից բայց այդպես էլ հետ չեկան»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի Շահեն Մուսայելյանը։

Շահենը Մարտունուց է, 44-օրյա և 2023 թվականի պատերազմներում կորցրել է 2 ընկերներին։ Մեր զրուցակցի համար այս օրը Միքայելի ու Վաչագանի տեսքն ունի։

«Միքայելն իր հոր՝ արցախյան առաջին ազատամարտի վետերան Վահրամ Արզումանյանի հետ Մարտունի քաղաքին հարակից Կաքավաձոր տեղանքի հրետանային միջոցների կայանքում է եղել։ Կատաղի մարտեր են մղել թշնամու հետ անհավասար մարտում։ Զոհվել է հոր աչքի առաջ։ Պատերազմի ավարտից հետո ընկերներով ու տարածքում զոհված տղաների հարազատներով նախաձեռնել ու խաչքար ենք տեղադրել զոհվելու վայրում, ու դա մեզ համար սրբատեղի էր։ Ասում եք՝ «Մայիսի 9-ը»։ Այս օրը մինչև 2020 թվականը այլ  տրամադրությամբ էինք տոնում՝ Շուշին կար, հաղթանակած բանակը կար, հերոսներն արժեզրկված չէին»,- ասում է Շահենը՝ նշելով, որ Եռատոնի տրամադրությունն Արցախի կորստից հետո էլ մնում է լավագույն դասը, որ պետք է կրկնել։ 

Հավերժ 24 տարեկան Միքայել Արզումանյանը նշանադրված էր ու պատրաստվում էր ամուսնանալ։ Շահենն ասում է՝ մեծ երազանք ուներ, որ հավերժ անկատար մնացին։

«Մարդկային ու տարածքային կորուստներից հետո Արցախը կար, ապրում էինք պայքարով, մեծարելով նահատակներին»։ 

Շահենի մյուս ընկերը՝ 26-ամյա Վաչագան Դադալյանը, ևս նշանադրված էր։ Մեր զրուցակցի խոսքով՝ դարձյալ ապագան պատկերացնում էր Արցախում։ Ու քանի որ Մարտունին դարձել էր առաջնագծային բնակավայր, երիտասարդները զինվորագրվել էին բանակին ու պաշտպանում էին իրենց տները։

«Պատերազմի հավանականությունը մեծ էր։ Այնուամենայնիվ, բլոկադան դրա ապացույցն էր, որ ինչ-որ բան լինելու է։ Սակայն, որևէ մեկիս մտքով չէր անցնում, որ Արցախը կհայաթափվի։ Սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած մարտերի ընթացքում Վաչոն եղել է Սոս-Մաճկալաշեն գյուղերի մոտակայքում գտնվող «Լուսնյակ» դիրքում, ՀՕՊ միջոցների վրա էր»։

Պայմանագրային զինծառայող Դադալյանը տան միակ զավակն էր։ Ադրբեջանական հենակետերից արձակված հրետանային կրակից Վաչագանը ևս զոհվել է։  

«Շատ դժվար բան է ընկերներին կորցնելը։ Առավել շատ՝ հայրենիքի կորուստը և Արցախի հայաթափումը, որի պաշտպանության համար անմահացան մեր հերոս տղաները։ Եվ եթե այսօր հաղթանակի տոն է, ապա այն պետք է նշեմ Եռաբլուրում ննջող իմ ընկերների հետ»,- հավելեց Շահեն Մուսայելյանը։

Հունան Թադևոսյան