Ազատության հրապարակն օրակարգ է ստեղծում․ Փաշինյանը «նպաստում» է դրան

Ազատության հրապարակն օրակարգ է ստեղծում․ Փաշինյանը «նպաստում» է դրան

Ազատության հրապարակում ոչ միայն հանրային երկխոսության ինստիտուտն է կայանում, այլ նաև նստացույցի կազմակերպիչ Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ պարբերական դարձած ճեպազրույցներում, ձևակերպում է քաղաքական ասելիք։

Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է հայ- թուրքական հարաբերություններին։

«Այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան պետություն, որի հետ սահմանները փակ են։ Հիմա իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, պարզ հարց է առաջանում, այդ դեպքում ինչու Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, որը ինքն է փակել»,- ասել է Վանեցյանը։

Վերջինս անդրադարձը հայ- թուրքական հարաբերություններին պատահական չէ։ Դրա առիթն այսօր տվել է իշխանությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները տապալվել են։ Այն նախատեսված էր այսօր, սակայն Ազգային ժողովի աշխատակազմից հայտնել են, որ չեղարկվել է տեխնիկական պատճառներով։ Այս հիմնավորումը ընդդիմադիրներին չի համոզել։

«Հետագայում հասկացանք, որ իրենց որոշումը քաղաքական է», - ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով՝ իրենց հայտնել են, թե մինչև ապրիլի 24-ը չեն կարող Ազգային ժողովի նիստերի դահլիճում լսումներ անել։

Ընդդիմության կասկածները միանգամայն լեգիտիմ են․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արհեստականորեն սիրաշահում է Անկարային՝ նույնիսկ օրենքի խախտմամբ արգելելով ընդդիմության բոլոր նախաձեռնությունները, որոնցում կարող է քննադատություն հնչել հայ-թուրքական ընթացիկ դիալոգի տարբեր դրսևորումների, օրակարգի վերաբերյալ։

Փողոցային պայքարի ակտիվացմանը զուգահեռ՝ Փաշինյանն ու նրա թիմն ակամայից նպաստում են ընդդիմադիր տրամադրությունների գեներացմանը, ինչը կարող է առաջիկա օրերին թեժացնել Հայաստանի ներքաղաքական կյանքը։

Վահրամ Բագրատյան