Պայքարի նոր շերտ․ Փաշինյանի դեմ քրգործի պահանջ

Պայքարի նոր շերտ․ Փաշինյանի դեմ քրգործի պահանջ

44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները երեկվանից երթեր, բողոքի ակցիաներ են կազմակերպում Դատախազության դիմաց, նրանք հրաժարվում են հեռանալ՝ մինչև Դատախազությունը գործ չհարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ խորհրդարանում արված աղմկահարույց, սկանդալային հայտարարությունների հետ կապված:

Դատախազը Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Դատախազություն ևս չորս հաղորդում է ներկայացվել, իսկ իրենց ներկայացրած բողոքը կցվելու է ընդհանուր գործին:

Եթե հիշում եք, 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ, զոհերի, գերեվարված զինվորների հարազատները չեզոք դիրքորոշում ունեին ու հիմնականում չէին մասնակցում բողոքի ակցիաներին՝ համարելով, որ իրենց խնդիրը դուրս պետք է լինի ընդդիմության պայքարի օրակարգից։
Այսօր ակնհայտորեն իրավիճակ է փոխվել։

Զոհերի հարազատները լեգիտիմ հարցեր ունեն, որոնց պարզաբանումները կարող է լույս սփռել բազմաթիվ հարցերի վրա։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար, տարբեր հայտարարություններով, ակնարկում է, որ հնարավորություն է ունեցել կանխել պատերազմը կամ այն կանգնեցնել տարբեր փուլերում, եթե հայկական կողմն ընդուներ որոշակի պայմաններ։ Փաստացի վարչապետի խոսքերն որոշակի արդարացում կունենային, եթե պատերազմի միջոցով կարողանայինք ավելի շահեկան իրավիճակում հայտնվել։ Հիմա ստացվում է՝ Փաշինյանը կարող էր կանխել այն սցենարը, որը բերել է հազարավոր զոհերի, բայց չի կանխել։

Այս պարագայում՝ զոհերի հարազատները կարծում են, որ Փաշինյանը հանցագործություն է կատարել, ինչի հետևանքով վերջինիս արարքներին քրեա-իրավական գնահատական պետք է տրվի։

Հեռու ենք այն մտքից, թե դատախազությունը քաղաքական կամք ու մասնագիտական բարեխղճություն է ցուցաբերելու ու ընթացք է տալու զոհերի հարազատների դիմումներին։ Այս պարագայում՝ կարող ենք վստահաբար փաստել, որ Հայաստանում պայքարի նոր շերտ է ձևավորվում, որի ավանգարդում զոհերի հարազատներն են։

Վահրամ Բագրատյան