Ահազանգ. Լարսում ստիպում են հայ վարորդներին դատարկել վառելիքը նոր անցնել սահմանը

Mediahub-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան սահմանն անցնելու ժամանակ, վարորդներին ստիպում են հետ վերադառնալ Ռուսաստանի տարածք, այնտեղ դատարկել վառելիքի բաքը նոր անցնել, և պատճառ այն է, որ շատերին թույլ չի տրվում երկու վառելիքի բաք ունենալ:
Mediahub-ը կապ հաստատեց բեռնատարների վարորդների հետ, ովքեր գրեթե ամեն շաբաթ անցնում են Լարսի անցակետը։ Մեր զրուցակից վարորդները հաստատեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ իրենց ոչ միայն ստիպում են վերադառնալ հետ ՌԴ, այնտեղ դատարկել վառելիքը, մի հատ էլ տուգանում են՝ 2000-ից 4000 լարի։
«Յուրաքանչյուր մեքենա իր VIN կոդով համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Սահմանը անցնելիս մաքսայինում ստուգում են այդ կոդով և տեսնում, թե որ մեքենաներին ինչքան վառելիքի բաք է հասնում։ Կոնկրետ իմ մեքենան, գնված Գերմանիայում, VIN կոդով նայելիս ցույց ա տալիս, որ հասնում է երկու վառելիքի բաք՝ մեկը պետք է լինի 410 լ, մյուսը՝ 550 լ։ Մաքսայինում ինձ ասացին՝ «դու իրավունք չունես երկու բաքով գնաս, պետք է մեկ բաքով հետ գնաս Հայաստան»։ Բայց իրենք ոչ էլ զգուշացրել են, երեկ եկել եմ մաքսայինի այդ կետը, ասում են, որ VIN կոդով մեր մոտ ցույց է տալիս մեկ բաք։ Միշտ անցել եմ ու միշտ նորմալ ա եղել, հիմա ասում են, որ մեկ ամիս առաջ զգուշացրել են, բայց ինձ այսքան անցնում եմ, մի անգամ չեն զգուշացրել»,- բողոքեց վարորդը։
Մեր զրուցակիցն ասաց, որ սկսել են տուգանել հատկապես հայերի մեքենաները, թեև նախկինում միշտ անցել են ու միշտ էլ նորմալ է եղել։ Ու, ավելացրեց նա, մինչև չեն մուծում տուգանքը, հայ վարորդներին չեն թողնում անցնել։ Ըստ վարորդի, ինքը նույնիսկ հետաքրքրվել է, թե այդ ո՞ր ծրագրով են նայում VIN կոդը, խնդրել, որ ցույց տան, բայց արձագանքել են՝ չի թույլատրվում։
«Ես մուծեցի 2000 լարի, այսինքն իմ գրպանից մուծել եմ 300.000 դրամ տուգանք, մեր ղեկավարությունը չի մուծում դա, ասում ա՝ «պիտի ուշադիր լինեիր», չնայած, որ ինձ չէին զգուշացրել և չէին ասել։ Անգամ ես զանգել եմ իմ մեքենայի սերվիս, նայել ու ասել են, որ քո մեքենան երկու վառելիքի բաք ունի... թե ինչի՞ են հենց հայկական մեքենաներին տուգանում, հարցական է։ Ամենացածր խավի մարդկանց նման են վերաբերվում մեզ հետ, անգամ չթողեցին ՊԵԿ-ի հետ խոսեմ»,- հավելեց մեր զրուցակից վարորդը։
MediaHub-ը հաջորդիվ կանդրադառնա այս խնդրին:
Մարիաննա Արամյան