Այսօր հայ մարդն իրավունք չունի տանը նստել ու նայել, թե ինչ են անում արցախցիների հետ․ Սաղաթելյան

Արտահերթ նիստ գումարելու որոշման նախագծով ենք հանդես եկել, ու կարծում եմ՝ պետք է ԱԺ հայտարարությամբ հանդես գանք։ Այդ մասին այսօր քայլերթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով՝ սրանք հերթական քայլերն են Արցախը հայաթափելու և էթնիկ զտում անելու համար։

«Մենք դա չպետք է թույլ տանք, ու ՀՀ այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել ու հրաժարվել թուրքահպատակ քաղաքականությունից։ ՀՀ-ն պետք է ստանձնի Արցախի անվտանգության երաշխավորի դերը»,- նշեց նա։ 

Ըստ Սաղաթելյանի՝ այս վիճակին հասել ենք իշխանության ղեկը զավթած խմբակի վարած հակահայ քաղաքականության հետևանքով։ «Առաջին քայլը, որ պետք է արվի այն է, որ ՀՀ-ն պիտի հայտարարի՝ Արցախի ու արցախահայության անվտանգության երաշխավորն է։ Թեև այս իշխանություններից ես սպասումներ չունեմ, բայց քանի որ իրենք են դեռ ներկայացնում ՀՀ-ն, պարտավոր են քայլեր անել՝ սկսած հասցեական հայտարարություններից մինչև հստակ գործողություններ։ Այսօր հայ մարդն իրավունք չունի նստել տանն ու տեսնել, թե ինչ է արվում իր քույր-եղբայրների հետ»,- նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։