Այնպես չէ, որ փախստականների համար այստեղ կան լայն հնարավորություններ․ Բաքոյան

Այնպես չէ, որ փախստականների համար այստեղ կան լայն հնարավորություններ․ Բաքոյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը այսօր համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին:

MediaHub-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ՝ հասկանալու, թե քանի՞ եզդի փախստական կա այժմ Հայաստանում և ինչ աջակցություն են նրանք ստանում պետությունից:

«Իրաքից ցեղասպանության հետևանքով Հայաստան որպես փախստական եկած և փախստական կարգավիճակ հայցող եզդիները, ըստ էության, լուրջ խնդիրների առջև չեն կանգնում, քանի որ կա եզդիական համայնքի աջակցությունը։ Եկած փախստականները որոշ հարցեր ունեն։ Մենք այսօր էլ այցելել ենք մի քանի փախստականների, աշխատանքներ այս ուղղությամբ սկսել»,- ասաց Բաքոյանը։

Հարցին, թե քանի՞ եզդի փախստական կա այժմ Հայաստանում, արդյո՞ք նրանց թիվը, օրինակ, 1000-ից ավելի է, Բաքոյանը հստակ թիվ չհնչեցրեց, բայց ասաց, որ միանշանակ 1000-ից ավելի չի կարող լինել։  

«ՀՀ-ն ընդունել է 100.000 ավելի բռնի տեղահանված արցախցիների և 100.000 ավելի բռնի տեղահանվածների հարցի ամբողջ ծանրությունը ՀՀ կառավարության վրա է և պետք է հասկանալ, որ առհասարակ փախստականների պահով ՀՀ-ն չունի լայն հնարավորություններ ։ Աշխատատեղերի մասով, օրինակ, պետք է որոշ գործիքակազմեր ավելացնել և որոշ պայմաններ բարելավել ու ընդլայնել»,- ասաց Բաքոյանը։

Անդրադառնալով աջակցությանը, Բաքոյանը նշեց, որ եթե եզդիական համայնքը կարողանում է աջակցություն տրամադրել, ապա տրամադրում է։ «Այնպես չէ, որ փախստականների համար այստեղ կան, լայն հնարավորություններ և այնպես չէ, որ տրամադրվող աջակցությունը մեծ է կամ ապաստանների թիվը շատ է և իրենք ստանում են։ Կարող են հերթագրվել, բայց պետության կողմից կեցավայրերի թիվը այդքան էլ մեծ չէ։ Այս պահին նոր կացարաններ են կառուցվում Կոտայքի մարզում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօրվա այցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում ապաստան հայցող անձինք ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ: Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան  քայլեր:

Մարիաննա Արամյան