Փաշինյանին պետք է առաջարկել ապրել 75.000 դրամ աշխատավարձով

Փաշինյանին պետք է առաջարկել ապրել 75.000 դրամ աշխատավարձով

2023 թ. հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում. նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանին հռետորական հարց պետք է ուղղել՝ արդյոք նա և նրա ընտանիքը կարո՞ղ են ապրել 75.000 դրամ աշխատավարձով: Պատասխանը միանշանակ բացասական է: 75.000 դրամ աշխատավարձը ՀՀ հպարտ, սակայն 2018թ.-ից խաբվող քաղաքացիների մոտ միայն խրախուսելու է արտագաղթի ցանկությունը: ՔՊ-ականները հարստանում են՝ բնակարաններ, մեքենաներ, բիզնեսներ, իսկ իրենց ընտրած ՀՀ քաղաքացիներին առաջարկում են աղքատության ճիրաններում ապրել 75.000 աշխատավարձով՝ դա չդադարող գնաճի պայմաններում: 

Փաշինյանն ու թիմը չունեն տնտեսությունը ոտքի հանելու որևէ լուրջ ծրագիր և մտադրություն՝ բոլորը կենացների մակարդակի խոսակցություններ են՝ ՀՀ գյուղերն ու մարզերը դատարկվում են, իսկ տնտեսական ողջ կյանքը կենտրոնացած է միայն Երևանում:

ՔՊ-ն 2018թ.-ից մինչև այսօր ապացուցել է, որ ընդունակ չէ զարգացնելու հայկական տնտեսությունը՝ 11 միլիարդ արտաքին պարտք, գնաճ, զրո նոր աշխատատեղ, ահռելի արտագաղթ:

Գործող իշխանությունները հասկանում են, որ չունեն իրական վարկանիշ, սակայն ամեն կերպ փորձում են «լավ» լուրերով հանգստացնել ՀՀ քաղաքացիներին և կանխել սոցիալական պայթյունը, սակայն դա նրանց չի հաջողվելու: ՀՀ-ում ստեղծվել է շատ բարդ ներքաղաքական իրավիճակ՝ քաղաքական մեխանիզմներով իշխանափոխության այլընտրանքը կարող է լինել ՀՀ աղքատ քաղաքացիների սոցիալական բունտը՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:

Վահրամ Բագրատյան