Միայն դինոզավրի հայտնվելն է պակասում. ինչպիսի՞ն էր տարին ArmComedy-ի Նարեկ Մարգարյանի համար

Միայն դինոզավրի հայտնվելն է պակասում. ինչպիսի՞ն էր տարին ArmComedy-ի Նարեկ Մարգարյանի համար

Այս տարին ծանր էր՝ հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքի մի մասը։ Շատերը կհիշեն 2023-ը իբրև ողբերգական իրադարձություններով լի տարի։ 

Բայց, հայ ժողովուրդը միշտ եղել է ուժեղ, վերածնվող, և մարդիկ շարունակում են ապրել: Միանշանակ, այդ գործում իրենց օգնում է հումորը։ 

ArmComedy-ն արդեն 11 տարուց ավելի շարունակում է հայ հասարակությանը ժպիտ պարգևել, օգնում հումորով նայել մեր իրականությանը, թեև, անշուշտ, դա բավականին բարդ առաքելություն է ծիծաղ բերել այն ժողովրդին, ով մեծ ցավ է ապրել ու ապրում։ 

MediaHub-ը զրուցեց ArmComedy-ի համահիմնադիր և հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ, պարզելու՝ ինչպիսի՞ն էր տարին իր համար և ի՞նչ ակնկալիքներով է մտնում 2024։ 

«Այս տարին դաժան տարի էր, վատագույն տարին էր, որ կարելի էր պատկերացնել։ Ամոթի տարի է, բոլորս պետք է գլուխները կախ ամաչենք, որ թույլ տվեցինք այս ամենը իրականանա»,- ասաց Մարգարյանը՝ խոսելով Արցախի կորուստի մասին։ 

Ըստ նրա` 2023-ին որևէ լավ բան չի եղել, որտեղ նայես՝ «պարտություն ու ձախողում է, այնպիսի անդառնալի պարտություն ու կորուստ ունենք, որի ֆոնին ռուս IT-իշնիկների կորուստը կամ ֆուտբոլի հավաքականի ձախողումը չեն երևում, բայց ցանկացած այլ երկրում կերևային»։ Բայց, շարունակեց նա, մեր երկրում էպիկական մաշտաբների կորուստ է, որի կողքին ոչ մի բան չի երևում։

Անդրադառնալով կոնկրետ իր գործունեությանը` նա նշեց, որ  հաղորդման շրջանակներում ռեկորդային դիտումներ են ապահովել, ընդ որում՝ հաղորդման  ողջ պատմության շրջանում: «Ամեն տարի կատարելագործում ենք բոլոր նախորդ տարիները»,- ասաց Մարգարյանը։

Բացի ArmComedy-ի նկարահանումներից, Մարգարյանը ակտիվ սպորտով է զբաղվում և այս տարի էլ մարաթոնների է մասնակցել։ Մարաթոններ, որտեղ 50.000 հոգի է վազում ու որը, նրա խոսքով, շատ տպավորիչ էր։ Սպորտը Նարեկի կյանքի անբաժանելի մասն է և 2024-ին էլ նույնպես պատրաստվում է մասնակցել մարաթոններին։ 

Ինչ վերաբերում է 2024 թվականի սպասելիքներին, ապա Նարեկը նշեց․ «Մարդկանց տեսակ կա, որ վարկ ա վերցնում, հետո այդ վարկը փակելու համար ավելի մեծ վարկ ա վերցնում, հետո, երբ այդ երկու վարկի տոկոսներն են գալիս էլ ավելի մեծ վարկ ա վերցում կամ ինչ-որ բան տնից ծախում ու այդպիսի շղթայում է ապրում։ Ինձ թվում է, այս հինգ տարին մենք այդպիսի շղթայում ենք»:

«Ցավոք, իմ հաշվարկներով 2024թ-ին լինելու է այնպես, որ այն հաջորդ վարկը, որով նախորդը պետք է փակվեր։ Մենք չենք կարողանալու ստանալ, ու շատ ծանր տնտեսական տարի է սպասվում։ Բայց հուսով եմ՝ իմ վրա դա չի ազդի»,- հումորով մի քիչ փորձեց մեղմել իր մռայլ գույներով կանխատեսումը Նարեկը։

Հարցին՝ արդյո՞ք սկանդալային տարի էր, Նարեկն ասաց, որ Հայաստանում ամեն օր սկանդալային է, և պետք է, օրինակ, «փողոցում մի դինոզավր հայտնվի ու մարդկանց ուտի, որ դա համարենք արտառոց սկանդալային միջին սկանդալայինի ֆոնին»։

Նարեկը նաև ֆիլմերի և սերիալների սցենարներ է գրում։ 2024 թվականին պատրաստվում են երկու սերիալ նկարահանել, որից մեկը մտացածին քաղաքական ուղղվածությամբ սիթքոմ է լինելու։

Մարիաննա Արամյան