Արցախից անհաշվելի կորուստներ ենք բերել․ հարազատների շրջանում 7 մահ ու մի անհետ կորած ունենք 

Արցախից անհաշվելի կորուստներ ենք բերել․ հարազատների շրջանում 7 մահ ու մի անհետ կորած ունենք 

Սարգսյանների ընտանիքն արցախցի հարյուրավոր ընտանիքների պես փորձում էր միջոցներ գտնել, որպեսզի գաղթեին Հայաստան, որովհետև Ստեփանակերտում մեկ օր ավելի մնալն իսկական փորձություն էր։ Պատերազմից հետո ադրբեջանական հենակետներ են տեղադրվել Արցախի մայրաքաղաքի արվարձաններում՝ բնակելի հատվածին մոտ տարածքներում։ Տանն ուրախություն էր, երբ ընտանիքի հայրը քառօրյա շրջափակումից մազապուրծ է եղել ու ողջ-առողջ տուն վերադարձել։ 

«Ամուսինս՝ Աշոտ Սարգսյանը, չնայած ՊԲ-ում ծառայել է շուրջ 19 տարի, զորացրվելուց հետո գնացել ՌԴ, նորից վերադարձել ու ծառայությունը շարունակել է աշխարհազոր ուժերում։ Սեպտեմբերի 14-ին բարձրացել է դիրքեր, Սարդարաշեն գյուղի բարձունքներում էր։ Մի քանի օրից սկսվել է պատերազմը, իսկ մեզ համար անբացատրելի զգացողություններով օրերը։ Կռիվը վերջացել է, իսկ Աշոտից օրեր շարունակ ոչ մի լուր չենք ունեցել։ 4 օր անց վերադարձել է ու միայն դրանից հետո ձեռքս գնացել է, որ հավաքեմ մեր անձնական իրերը»,- MediaHub-ին պատմում է կինը՝ Լիլիա Մարդիյանը։

Սեպտեմբերի 25-ին Աշոտը որդու՝ 17-ամյա Նելսոնի, եղբոր՝ Գրիշայի ու նրա 2 որդիների, ինչպես նաև Լիլիայի քրոջ ամուսնու՝ Արթուրի հետ սկսել են վառելիքի փնտրտուքները։ Տարբեր լցակայաններում անիմաստ հերթ կանգնելուց հետո, մարդկանց հոսքի հետ նրանք ևս հասել են Հայկազով։ 

«Երեկոյան, երբ բոլորն անհասանելի են դարձել, քույրս՝ Անուշը, զանգել է նաև ամուսնուս։ Աշոտն ասել է, որ դեպք է պատահել, պայթյուն է եղել, որ ինքն ու Նելսոնն Իվանյանում ռուս խաղաղապահների բուժկետում են, մյուսներից տեղեկություն չունի։ Պատկերացրեք մեր վիճակը, ինչպես ենք հասել Իվանյան։ Չեն թողել, որ տեսակցեմ ամուսնուս ու որդուս։ Մի սարսափելի վիճակ էր։ Գնացինք աղետի վայր։ Այնտեղ շատ մարդիկ կային ու բոլորն իրար էին փնտրում։ Մի տղա, որ էլի անհետ կորած հարազատ ուներ, իր մեքենայով մեզ բարձրացրեց քաղաք։ Հաջորդ օրն ամուսնուս ու որդուս ուղղաթիռով տեղափոխել են Երևան, իսկ ազգականների ու մյուս հարազատների մասին տեղեկություն չկար»,- հիշում է Լիլիան՝ նշելով, որ ընտանիքին պատուհասած փորձությունից հետո, ինքն ու անչափահաս աղջիկները և տան բոլոր կանայք տարբեր մեքենաներով մի կերպ են անցել գաղթի ճանապարհը։

«Ես այդպես էլ չտեսա Աշոտին։ Նա վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկների վերահսկողության տակ։ Ինձ թույլ տվեցին միայն Նելսոնին խնամել, որը խորը այրվածքներ էր ստացել ձեռքերի, ոտքերի ու դեմքի շրջանում, իսկ մատներն անդամահատել են։ Հոկտեմբերի 2-ին աղջկաս ծնունդն էր, իսկ հաջորդ օրը հիվանդանոցում մահացավ ամուսինս։ Դա իմ կյանքի ամենամեծ հարվածն էր, որ ստացա հայրենիքս կորցնելուց հետո։ Այրվածքներ ստացած անձանց առողջական վիճակը ծանր ու թեթևով չէր գնահատվում, որովհետև սրտի կանգեր էին գրանցվում։ Ես Աստծուն խնդրում էի, որ գոնե Նելսոնիս պահի»,- արտասվում է կինը։ 

Աշոտ Սարգսյանը դեռ պատանի է եղել, երբ մասնակցել է առաջին պատերազմին։ Իսկ դրանից հետո բոլոր պատերազմների ժամանակ եղել է առաջնագծում։ Զոհվածի կարգավիճակ նրան չեն տվել, պատճառ բերելով, թե՝ «նա թշնամու գնդակից չի մահացել»։ 

Աշոտի մահից հետո ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաև մյուս 3 հարազատների մահը, իսկ Լիլիայի քրոջ ամուսինը՝ Արթուր Ավետիսյանը, առ այսօր համարվում է անհետ կորած։ Նրա մայրը, որդու կարոտին չդիմանալով, մեկ ամիս անց մահացել է, իսկ հայրը, չդիմանալով կորուստներին, «Արթո՜ւր, Արթո՜ւր» կանչելով հեռացել է կյանքից 3 ամիս հետո։ 

«Մենք Արցախից մեզ հետ բերել ենք անչափելի մեծ ցավ ու կսկիծ։ Երանի բոլորը լինեին կիսատ, անդամահատված, բայց մեր կողքին լինեին»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Գաղթից հետո Լիլիան Երևանում վարձակալած տանը հանգիստ մեկ օր չի մնացել։ Նելսոնին ոտքի կանգնեցնելու համար բժիշկների հետ շուրջօրյա ռեժիմով է աշխատել։

«Վերջերս ենք վերադարձել Միացյալ Նահանգներից, այնտեղ Նելսոնը վերականգնողական փուլ է անցել։ Փառք Աստծո, դանդաղ քայլերով առաջ ենք գնում»,- ասում է մեր զրուցակիցը:

Նելսոնը, որ օրերս արդեն 18 տարեկան է դարձել, առաջիկայում ևս պետք է անցնի բուժման երկարատև փուլ։ Կորուստներիը և անորոշությանը զուգահեռ, Լիլիան չի կոտրվում, որ չթուլացնի իր աչքերին նայող որդուն ու 2 դուստրերին, ովքեր մոր հետ հավասար այժմ մեկ նպատակ ունեն՝ ոտքի կանգնեցնել Նելսոնին։

Հունան Թադևոսյան