«Եթե ինձ հետ բան պատահի, մատանիս կփոխանցեք մեծ որդուս...». Գուրգենն անմահացավ «Եղնիկներ»-ի բարձունքներում

«Կյանքն առանց իմ Գոգիի կորցրել է իմաստը։ Ամեն գիշեր մտքերով խոսում եմ նրա հետ, էն վարակիչ ծիծաղը, որ ուներ, դեռ զրնգում է ականջներիս մեջ»...
38-ամյա Գուրգեն Եսայանը Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Քույրը՝ Յուլյան, MediaHub-ին պատմում է դժվարությունների մասին, որ անցել է Եսայանների ընտանիքը։ Սակայն, այդ ամենն առ ոչինչ է համարում՝ եղբոր կորստի հետ, որ անմահացավ «Եղնիկներ»-ի բարձունքներում։
Եսայանները 1988-ին Ստեփանակերտ են գաղթել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Երբ սկսվել են հայերի ջարդերը, Էդուարդը և Լարիսան իրենց 7 զավակների հետ մազապուրծ են եղել սպանդից, գիշերը ադրբեջանցի հարևանի օգնությամբ դուրս եկել, մի կերպ վերադարձել Արցախ։
«Ես այսօրվա պես եմ հիշում այդ ծանր ժամանակները։ Դժվար տարիներ էին, սակայն, ծնողներս հաջողել են հաղթահարել բոլոր այդ փորձությունները մեզ լավ ապագա պարգևելու համար»,-պատմում է Յուլյա Եսայանը՝ նշելով, որ իրենց մեծանալուն զուգահեռ, Արցախի դեմ պատերազմներն ու թշնամական կողմի ոտնձգությունները միշտ արժանի հակահարված են ստացել նաև իր եղբայրների՝ Էրիկ, Սլավիկ, Յուրի և Գուրգեն Եսայանների շնորհիվ։
«Նրանք մասնակցել են բոլոր մարտերին, վիրավորումներ ստացել, ավագ եղբայրս նույնիսկ հաշմանդամության կարգ ունի»,- ասում է մեր զրուցակիցը։
Գուրգենը պայմանագրային հիմունքներով ծառայում էր զինված ուժերում, մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, իսկ դրանից առաջ նաև 2014 և 2015 թվականների դիրքային մարտական գործողություններին։
«Ուրիշ սիրտ ուներ Գուրգենը և ուրիշ սիրով էր սիրում Արցախը։ Այնքան բան կա պատմելու նրա մասին, բայց ոչ մի բառ չի կարող իրական նկարագիր տալ։ Երբ բարձրանում էր դիրքեր, ամեն անգամ կապ էր պահում բոլորիս հետ։ Սեպտեմբերին, սակայն, իրավիճակն այնքան խառն էր, որ չկարողացանք հետը խոսել, վերջին անգամ գոնե ձայնը լսել։ Երբ վերջին շրջանում «համար 1» հրամաններ հաճախ էին լինում, մի զանգով ասացի՝ մոտդ «գրանատ» կա՞, հարցրեց՝ «ի՞նչի համար», պատասխանեցի, որ եթե մի բան լինի, ենթադրենք հայտնվես շրջափակման մեջ, կամ հանկարծակի դիվերսիա լինի, կպայթեցնես, բայց գերի չընկնես։ Ինքը ծիծաղում էր ասածիս վրա, հետո ասում՝ «մեր տեղն անվտանգ է, հանգիստ եղիր»»,- հիշում է քույրը։
Արցախի բնագծի ողջ երկայնքով ծանր մարտեր էին ընթանում։ Քույրը պատմում է, որ չնայած մեծ ընտանիքն ապաստարանում էր, որից փոքրը՝ 9 ամսական երեխա, իրենց ուշքն ու միտքը միայն դիրքերում Գուրգենից ու Յուրիից լուր իմանալն էր։ Լուրեր էին պտտվում, որ Յուրին շրջափակման մեջ է, իսկ Եղնիկներում մարտերը թեժ են։ Հավաստի լուր այդպես էլ չստացվեց մինչև այն պահը, երբ Գուրգենին մյուս զոհված ընկերների հետ օրեր անց Մարտակերտից տեղափոխեցին Ստեփանակերտի դիահերձարան։
«Մեզ ավելի ուշ հայտնի է դարձել, թե ինչ ոգով են կռվել Եղնիկների արծիվները, բայց թշնամու ավիացիայի մեկ հարվածով իրենց դիրքի անձնակազմն անմահացել է հերոսի մահով»,- ցավում է Յուլյան, ավելացնում, որ ռազմական գործողությունների ժամանակ եղբայրը հանել է իր ոսկե մատանին, խնդրել ընկերներին. «եթե ինձ հետ բան պատահի, այս մատանին կփոխանցեք մեծ որդուս՝ Մարատին»։
«Եղբայր կորցնելը ցավ է, հասկանո՞ւմ եք, անպատմելի ցավ է։ Ո՞վ է ասել, թե մարդ որբ է միայն ծնողից։ Չկա նման բան, ոչ միայն իր երեխաները, այլև մենք ամբողջ ընտանիքով որբացանք Գոգիի կորստով»...
Գուրգենին ընտանիքը պատրաստվում էր հուղարկավորել Ստեփանակերտում։ Յուլյայի խոսքով՝ մեծ դժվարությամբ, սակայն ընտանիքը նրան ևս տեղափոխել է Հայաստան։ Գուրգեն Եսայանի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հունան Թադևոսյան