Մեր սերտ կապերի հիմքում ապագայի վերաբերյալ համանման պատկերացումներն են. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի նախագահին

Մեր սերտ կապերի հիմքում ապագայի վերաբերյալ համանման պատկերացումներն են. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Մեր ժողովուրդներին միավորում են հարուստ պատմական անցյալը, ջերմ բարեկամական հարաբերությունները և ամուր գործակցությունը, որոնք մշտապես խարսխվել են բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։ Մշակութային ժառանգությունն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը նախորդ 30 տարիների ընթացքում նշանակալի դեր են խաղացել հայ-հնդկական հարաբերություններում՝ արձանագրելով վերընթաց զարգացում։

Այսօր Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են սերտ, բազմակողմանի կապեր և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որոնց հիմքում ապագայի վերաբերյալ համանման պատկերացումներն ու ընկալումներն են։ Մեր երկրները բազմաթիվ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Մենք նաև կրում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության և հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման համընդհանուր արժեքները։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունները, ինչպես նաև միջպետական անկեղծ երկխոսությունն ու փոխշահավետ գործակցությունը կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»: