Պատերազմի առաջին 15 րոպեների ընթացքում 6 տուն է փլվել, որից մեկի վրա 2 «սնարյադ» է ընկել 

Պատերազմի առաջին 15 րոպեների ընթացքում 6 տուն է փլվել, որից մեկի վրա 2 «սնարյադ» է ընկել 

«Նախքան սեպտեմբերյան դեպքերը և Արցախի հայաթափումը, ռուս խաղաղապահները բավականին մտերիմ էին բնակիչների հետ։ Դուրս էին գալիս իրենց հենակետերից հաղորդակցվում գյուղացիների հետ, հյուրասիրվում։ Եկավ մի պահ, որ կամաց-կամաց զգացինք թե ինչպես են իրենց հեռու պահում, ոչինչ չէին խոսում։ Սա մտածելու տեղիք տվեց։ Երբ ամիսներ անց սկսվեց պատերազմը, էլի անտարբերություն ցուցաբերեցին խաղաղ բնակիչների նկատմամբ»,- MediaHub-ին պատմում է Չափար գյուղի բնակիչ Սերգեյ Եփրեմյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսված պատերազմի առաջին րոպեները Չափարում սարսափ ֆիլմի էր նման, կրակում էին ու մարդկանց աչքի առաջ հիմնահատակ ավերում գյուղը։ Այն դեպքում, երբ ռազմական որևէ օբյեկտ Չափարում չի եղել։

«Երեխաների մեծ մասը կա՛մ դպրոցում էր, կա՛մ տուն գալու ճանապարհին։ Նրանք տեսնելով վիճակը՝ մտել են քոլերի մեջ, բաց երկնքի տակ։ Կարող եմ անուններով ասել, թե ում տների վրա են կրակել։ Առաջին 15 րոպեների ընթացքում 6 տուն է փլվել, որից մեկի վրա 2 «սնարյադ» է ընկել։ Աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ հրթիռները բոլորը տեղ չէին հասնում, լեռներն իրենց վրա էին վերցնում հարվածները, հակառակ դեպքում այլ, ավելի տխուր պատկեր կունենայինք։ Դեռ 90-ականներից շատերի բակերում թաքստոցներ կային։ Բոլորը մտել են հողե այդ շինություններն ու մնացել այնտեղ մինչև կրակը կհանդարտվի»,- ասում է Սերգեյը։

Սերգեյն ու չափարցի և 10 երիտասարդ կամավոր հիմունքներով հավաքվել ու բարձրացել են Չարեքտարի ուղղությամբ դիրքեր՝ տղաներին օգնության։ Ասում է՝ նույնն են արել նաև առաջին պատերազմի մասնակից տղամարդիկ, և որ «դա նվազագույնն էր, որ պետք է անեին»։ Այդպես արել են 2016-ի և 2020-ի պատերազմների ժամանակ։ Խոստովանում է, որ 2023-ին չկարողացան բավարար չափով օգնել։

«Չարեքտարի ուղղությամբ թշնամական զորքը տանկերով էին առաջանում։ Բանակը, աշխարհազորը, կամավորականները ամեն ինչ անում էին կասեցնելու համար, մեկ հաջողում էինք, մեկ ձախողում։ Մյուս կողմից տանկերը հասել էին Գետավանի մատույցներ։ Բնակիչները դեռ գյուղում էին։ Խաղաղապահներին խնդրել ենք, որ գոնե խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովեն։ Հասկանալով, որ Գետավանն ընկնում է, վերադարձել ենք տուն, մեր երեխաների տարհանումը կազմակերպել դեպի Վաղուհաս, Վերին Հոռաթաղ գյուղեր։ Երբ վերադարձանք դիրքեր, վիճակն ավելի տխուր էր, քան մի քանի ժամ առաջ»։

Ըստ Սերգեյ Եփրեմյանի՝ ապատեղեկատվության պատճառով խուճապ էր տարածվել, որ հայկական դիրքերն արդեն գրավվել են։ Սակայն, ոչ մի դիրք այդպես էլ Չարեքտարի ուղղությամբ չի անցել թշնամուն, պահվել է զոհերի ու վիրավորների հաշվին։ «Անգամ գյուղի բնակիչներին տարհանելու պահին այնպես էին կրակում մեր ուղղությամբ, որ մազապուրծ ենք եղել մահից։ Այդպես էլ չկարողացա մտնել տուն որևէ փաստաթուղթ կամ մեր հավաքած գումարը վեցնել, մեկ րոպե ավել մնալը ռիսկային էր»։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Գետավանն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բնակիչների մեծ մասը փրկվելու համար ոտքով հատել է Թարթառ գետն ու շրջանցել ճանապարհը, միացել իրենց ընտանիքներին։ Ամբողջ գյուղը ցաքուցրիվ էր։ Ո՛չ կապ կար, ո՛չ վառելիք, իսկական քաոս էր։ 

«Իսկ մարտերը գնալով ավելի ու ավելի էին թեժանում։ Գետավանից կրակում էին Վաղուհաս ու Խնկավան գյուղերին։ Բոլոր գյուղերի բնակիչները հավաքվել էին իրար մոտ ու անճարությունից միայն լաց էին լինում։ Զարդախաչ գյուղի տարածքից գետավանցի Արթուր Սարգսյանն իր ջոկատով ուժեղ մարտ է վարել։ Նրանք «մինամյոտի» արկերով ուղիղ հարվածել են արդեն Գետավանում տեղակայաված ադրբեջանական զորքին՝ պատճառելով մեծ կորուստներ։ Ադրբեջանցիների հիմնական առաջխաղացումը փաստորեն եղել է Նարեշտարի ուղղությամբ ու բլոկպոստերով։ Հայկական կողմը զոհեր է տվել, բայց դիրք չի հանձնել»,- ասում է ականատեսը։

Հաջորդ օրը Մարտակերտի վերին ենթաշրջանը ևս տարհանվել է Իվանյանի օդանավակայանի տարածք, այնտեղ էլ իմացել են, որ բանակը լուծարվում է, իսկ Արցախը տասնամյակների պայքարից հետո՝ հայաթափվում։

Սերգեյ Եփրեմյանի ընտանիքը Հայաստանից այլ երկիր չի պատրաստվում գնալ։ «Այստեղ տնից մոտ է»,- ասում է, ընդգծում, որ Արցախի հարցը, հատկապես հավաքական հետ վերադարձը մշտապես պետք է լինի հայկական օրակարգում։

Հունան Թադևոսյան