Արցախն ադրբեջանացվում է ամենապրիմիտիվ տեխնոլոգիայով․ Բաղրամյանի արձանից մաքրվել է հայկական գրությունը
Շուտով կլրանա Արցախի կորստի մեկ տարին։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց գյուղն ու քաղաքը, տունն ու գերեզմանները տեսնելու համար ամեն օր ստիպված թերթում են ադրբեջանական սոցիալական մեդիաները։ Հասմիկ Բալայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում, որտեղ ինքն ապրել է 28 տարի, այլևս ոչինչ առաջվանը չի։ Հայ չկա, շենքի բոլոր դռներն ու պատուհանները բաց են, շատերի տներում նույնիսկ վարագույրները չկան։
«Բայց ամենաաբսուրդայինը՝ Բաղրրամյանի արձանի գրությունն է ինձ զարմացրել։ Արցախն ադրբեջանացվում է ամենապրիմիտիվ տեխնոլոգիայով։ Պարզապես պետական շենքերի, հյուրանոցների, խանութների, ռեստորանների անունները պոկվում են, դրանց փոխարինում է ադրբեջանական գրություններ։ Հիմա Բաղրամյանի արձանի մասին․ երբ անծանոթներին բացատրում էի մեր տան տեղը, ասում էի՝ «եկեք մարշալ Բաղրամյանի արձանի մոտ, կդիմավորեմ»։ Ցավալի է․ Խորհրդային միության հերոսի արձանն իր տեղում է մնացել, փոխարենը շատ տգեղ ձևով մաքրվել է հայկական գրությունը, թողնվել միայն ռուսերենը»,- ասաց մեր զրուցակիցը։
1920-ական թվականներից հետո երբ Արցախը բռնակցվել է խորհրդային Ադրբեջանին՝ պահպանելով հայկական ինքնավար մարզի իր կարգավիճակը, ադրբեջանցիները միշտ ջանացել են վերացնել հայկական ամեն ինչ։ Հասմիկն ասում է՝ այն ինչ չեն հասցրել անել նախորդ տասնամյակների ընթացքում, անում են հիմա, անթաքույց, աշխարհի աչքի առաջ։
«Նախ, բոլորը գիտեն, որ Հովհաննես Բաղրամյանն ազգությամբ հայ է արցախյան արմատներով, հիմա եթե սուր գործիքներով ջնջեցին քարե արձանագրությունները, դրանով ի՞նչ է փոխվում իրենց կյանքում։ Միայն իրենց տկարությունն են ցույց տալիս, ուրիշ ոչինչ»,- հավելեց նա։
Մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ նույն ճակատագրին կարժանանա նաև Արցախի մայր խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» կամ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանը, մանավանդ, որ Բաքուն այդ քարոզը սկսել է դեռ տասնամյակներ առաջ։
Հուշարձանի քանդակագործը տումեցի Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ քարինտակցի Յուրի Հակոբյանը։ «Ես գիտեմ, որ հուշարձանի տեղադրումը մեծ դժվարությամբ է համաձայնեցվել Խորհրդային ղեկավարության հետ, քանի որ վերջիններս դա ազգայնական քայլ էին համարում։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած բոլոր հուշարձանները վտանգված են։ Դրանք մեր ինքնությունն են, մեր պատմության կարևորագույն բաղադրիչները»։
Արցախը, լինելով չճանաչված պետություն, այնտեղ գտնվող և ոչ մի հուշարձան կամ պատմամշակութային արժեք այդպես էլ չընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։
Հունան Թադևոսյան