Ալեն Սիմոնյանը դատի է տվել MediaHub-ին

Ալեն Սիմոնյանը դատի է տվել MediaHub-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել MediaHub-ի դեմ:

Հայցադիմումի հիմք է հանդիսացել MediaHub-ի 2023 թվականի ապրիլի 13-ին հրապարակած

«Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդվածը, որում փաստերով ներկայացրել ենք, որ Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։

Մասնավորապես, գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Կառլեն Սիմոնյանի ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար։ Այն պարագայում, երբ Մ-2 հանրապետական նշանակության Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են դեռեւս փետրվարին, որի պայմանագրի արժեքը շուրջ 1,7 մլրդ դրամ էր։

Հայցադիմումում նշվում է, որ հրապարակումը «պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ է պարունակում», ինչպես նաև զրպարտություն:

Ալեն Սիմոնյանը պահանջում է իր օգտին բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել 530 000 դրամ դատական ծախսեր:

Նշենք, որ հրապարակման հիմք են հանդիսացել պաշտոնական փաստաթղթեր, որտեղ երևում է այդ ողջ գործընթացը:

Դե ինչ, կհանդիպենք դատարանում: