Մեղրին պայթելո՞ւ է Երևանի սրտում․ ի՞նչ է մտածում Սպարապետի եղբայրը
Ես իմ ուժերի չափով պայքարել եմ, կորցրել եմ այն ժամանակը, որ պիտի ապրեի երեխեքիս ու ընտանիքիս հետ, ես չհասկացա՝ երեխեքս ոնց մեծացան, փոքր եղբայրս դատապարտվեց։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի հանգամանքների քննությանն ու բացահայտմանը։
Նա նշեց, որ երբևէ պաշտոնի չի ձգտել, ու վարչապետ էլ դարձել է, որ եղբոր սպանությունը բացահայտի։
«Մարդիկ էն ժամանակ էլ մտածում էին, որ այդ գործը կոծկվելու է, և իրենց պետք էր մարդ, որը հետամուտ կլինի այդ դեպքի բացահայտմանը։ Բայց հետո՝ մայիսի երկուսին ինձ հանեցին, քննչական գործողությունները 180 աստիճանով փոխվեց»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, այժմ խաղաղության խաչմերուկի մասին հայտարարությունները եկել են հավաստելու Սպարապետի այն կանխատեսումը, որ Մեղրին մի օր պայթելու է Երևանի սրտում, Արամ Սարգսյանը պատասխանեց՝ նման ծանր իրավիճակներ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ եղել են, բայց հիմա՝ այս վիճակն ամենածանրերից է։
«Բայց այս ծանր վիճակում մենք ի՞նչ ենք անում, փոփոխություններ ենք ուզո՞ւմ։ Կա՞ մարդ, որ ուզում է խնդիր լուծել, թող ասի՝ ինչ է անելու, ես էլ կմիանամ էդ մարդուն։ Ես խնդրի լուծումը տեսել ու տեսնում եմ Հայաստանի՝ միջազգաին հանրությանը ինտեգրվելու մեջ։ Ես համարում եմ, որ այսօրվա պատերազմը ժողովրդավարության և դիկտատուրայի պատերազմ է, ու միապետերի այն թիմը, որ հասկացավ՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտությունից հետո հերթը հասնելու է Էրդողանին, Իրանին, Ադրբեջանին, աշխարհի տարբեր կետերում պատերազմական օջախներ ստեղծեցին»,- նկատեց նա՝ վստահեցնելով, որ ի վերջո ժողովրդավարությունը հաղթելու է։
Մանրամասները՝ տեսանյութում