«Ամուսնանալու հարցը լուրջ է». Հայաստանի ամենաբարձրահասակ տղամարդու սիրտը դեռ ազատ է

«Ամուսնանալու հարցը լուրջ է». Հայաստանի ամենաբարձրահասակ տղամարդու սիրտը դեռ ազատ է

Նրան ճանաչում են բոլորը։ Արշավիր Գրիգորյանը Հայաստանի ամենաբարձրահասակ տղամարդն է։ 

Մասնագիտությամբ ֆինանսիստ, 2մ 35սմ հասակով բարի ու համեստ հսկան MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր համար մեծ հպարտություն է, որ ներկայացնում է հայ ազգը և իր հասակով գրանցվել է Դյուցազնագրքում։ 

«Եւ հետո շատ հաճելի է, որ ամենուր ինձ ճանաչում են, որ ցանկանում են նկարվել, չնայած պիտի ասեմ, որոշ տեղերում երկար հասակը խանգարում է, օրինակ, մեքենայի մեջ տեղավորվելիս, ցածր տեղերով անցնելիս, անգամ հագուստ ընտրելիս, դրան զուգահեռ՝ նաև առավելություններն են շատ»,- ասաց նա։

Արշավիր Գրիգորյանը հոբիներ շատ ունի, ամենից շատ սիրում է ճամփորդել, հասցրել է լինել մի քանի երկրներում և վայելել նաև տեղացիների սերն ու համակրանքը։ 

«Վաղուց հարմարվել եմ իմ այս «կարգավիճակին»։ Չնայած, որ ինքնաթիռում գրեթե միշտ մեջտեղի մասում եմ նստում, դռների մոտ, քանի որ ավելի լայն է, իսկ եթե ոչ, մի շարք են տրամադրում։ Անգամ տանն իմ մահճակալն է, բնականաբար, պատվերով, որևէ խնդիր չկա»։ 

Արշավիրը համեստ լինելուց առաջ, չափազանց հումորով է։ Նրա հետ շատերն են ցանկանում շփվել, լուսանկարվել, ընկերանալ։ Շատերը հաջողում են, ինչպես ինքն է ասում՝ «եթե ճիշտ մոտեցում են ցուցաբերում»։ 

«Լինում է հաճախ, որ խոսում են, կարծելով, որ ես չլսեցի, բայց շատ դեպքերում հաշվի չեմ առնում, բոլորս ինչ-որ բանով յուրահատուկ ենք, իմ պարագայում իմ հասակն է, այնպես որ լինենք բարձրահասակ, թե ցածրահասակ, գեր, կամ նիհար, ամենակարևորը մարդ լինելն է»,- ասաց է մեր զրուցակիցը։ 

Արշավիրը դեռ ամուսնացած չէ, հարցին հումորով պատասխանել չի ստացվում, փոխարենը ժպիտով ասում է. «Ամուսնանալու հարցը լուրջ է, չեմ գտնում սրտիս մարդուն, միշտ ինչ-որ բան պակասում է»։ 

Իր սրտի տիրուհին կարևոր չէ իր պես հասակով լինի, տարբերվող։ Արշավիրը մարդու մեջ մարդ է փնտրում։

Հունան Թադևոսյան