Չկարողացանք պահել 120.000 հայերի անվտանգությունը Արցախում․ Բաբայան

Եթե երկու բառով ամփոփենք անցած տարին, ապա կարելի է ընտրել ողբերգություն և հիասթափոթյուն բառերը. 2023-ը, ինչպես նախորդ երեք տարիները եղել են ողբերգական հայ ժողովրդի համար։
ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ տարին նշանավորվեց նրանով, որ չկարողացանք պահել 120.000 հայերի անվտանգությունը իրենց հողում և այդ մարդիկ ստիպված հեռացան Արցախից։
«Հայաստանի համար և հայ ժողովրդի համար ծանր և պատմական ողբերգություն ապրելու տարի էր, որը նույն աղետի հետ կարելի է համեմատել, քանի որ արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից: Սա պատմական տարի է ու միշտ հիշվելու է, որ մենք չկարողացանք պահել 120.000 հայերի անվտանգությունը իրենց հողում։ Եվ այդ մարդիկ ստիպված հեռացան Արցախից»,- ասաց Բաբայանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ ինչքան էլ լավ բաներ տեղի ունեցած լինի անցած տարում, այդ մի իրադարձությունը միայն հերիք է, որ մենք հիշենք միայն այն, որ հայրենիքի մաս ենք կորցրել, այդքան զոհ տվել ու թե որքան մարդու ճակատագրեր են կործանվել։
«Լավ գնահատական չես կարող տալ, քանի որ բավականին վատ, ծանր և դժվար տարի էր հայ ժողովրդի համար։ Ու որպես հետևանք՝ ամեն ինչ էլ հնարավոր է այս տարի»:
Հարցին, թե ինչ մարտահրավերների առաջ է Հայաստան և ինչ խնդիրներով է մտնում 2024 թվական, Բաբայանը նշեց, որ շատ են կանխատեսում ռազմական նոր բախումներ, որոնք, իր կարծիքով, կախված չեն միայն մեր մտածելակերպից և միայն մեր վերլուծություներից։
«Հույս ունեմ, որ 2024 թվականին կավարտվի, օրինակ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, աշխարհում որոշակի տեղաշարժեր տեղի կունենան, և տարածաշրջանում էլ կկարողանանք որոշակի բալանսի բերել վիճակը։ Բայց իրականում ոչ մի բանից պետք չի «արխային ընկնել» ու սպասել, որ պատերազմ չի լինի կամ էսկալացիա չի լինի»,- ասաց Բաբայանը։
Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական լարված հարաբերություններին, ապա Բաբայանը նշեց, որ դրանք դեպի վատը չեն էլ գնացել բացի որոշակի հայտարարություններից, գործնական առումով վատ հետևանքներ չկան։ Եվ նույն տնտեսական շրջանառությունը Ռուսաստանի հետ աճում է։
«Ինչքան ռուսներ կան Հայաստանում և ինչքան լավ են իրենք իրենց զգում մեր երկրում, և հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, նույն ձևով շարունակում են իրենց բնականոն կյանքը, և որևէ խոչընդոտ կամ խնդիր չկա։ Մնացածը քաղաքական վեկտորների խնդիր է, թե Հայաստանը ինչ ճանապարհով կգնա, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանը վեկտոր կփոխի»,- հավելեց Բաբայանը։
Մարիաննա Արամյան