Տանտիրոջն իր սեփական տուն չեն հրավիրում․ Ավինյանը՝ Հայկ Մարությանի խմբակցության մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Սկսած այդ մարդկանց տեղափոխման հարցերից՝ Երևանի քաղաքապետարանը ամենաառաջնային և ակտիվ դերակատարումն է ունեցել և հիմա էլ մեր վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված մեր եղբայրներից և քույրերից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Խոսելով քիչ ձայներով քաղաքապետ դառնալու մասին, վերջինս նշեց, որ վարչական բոլոր շրջաններում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները։

«Նման իրավիճակում, ուղղակի, երևի բավական հասուն չենք, որ հասկանանք էս կառավարման մոդելներում ինչպես պետք է մեզ դրսևորենք, բայց եթե բոլորիս շահն այնտեղ է, որտեղ Երևանի և երևանցու շահն է, իրենց դժվար թե հետաքրքրի, թե ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը: Եթե ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել և եթե խնդիր ունենք, դա մեր խնդիրն է, իրենց խնդիրը չէ»,- ասաց նա՝ նկատի ունենալով Հայկ Մարությանին։ 

Ավինյանը նշեց, որ եթե նկատեն ինչ-որ մեկը խանգարում է քաղաքի բարեփոխման գործընթացին, ապա կտրուկ լուծում կտան դրան։ 

Հարցին, թե ճիշտ է, որ Նուարդ Վարդանյանը նշանակվելու է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, քաղաքապետը պատասխանեց․ 

«Ձեր տեղեկատվությունը սխալ է»։

Խոսելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների այն հայտարարության մասին, թե վերջիններս չեն հրավիրվել ավագանու նիստին, Ավինյանը պատասխանեց․

«Ավագանու անդամները չեն կարող հրավիրվել նիստերին, իրենք պարտավոր են մասնակցել. սա հատուկ նիստ էր, ճիշտ է, բայց տանտիրոջը չեն հրավիրում տուն, տան տերը պետք ա գա ու տեր կանգնի տանը, ոչ թե բողոքի, որ չեն հրավիրել իր իսկ սեփական տուն: Ո՞նց պետք ա իրազեկված չլինեն, ֆրակցիայի ղեկավար ունենան, ֆրակցիայի ղեկավարն էլ կազմակերպի իրազեկումը, մեզ մոտ նույն պրոցեսն է տեղի ունեցել, անհատապես որևէ ավագանու անդամ հատուկ հրավեր չի ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում