Երևանի ու Բաքվի «փոխրաձգությունը»

Երևանի ու Բաքվի «փոխրաձգությունը»

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը շաբաթ օրն ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն։ Նրան հակադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ պնդելով, թե Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Իհարկե, Գրիգորյանը նախօրեին ավելի ճկուն ձևակերպում էր տվել՝ նկատելով, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության հարցը քննարկվելու է ոչ թե եռակողմ, այլ հայ- ռուսական հարաբերությունների ձևաչափում:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի տարբերվող մեկնաբանություններն, ի վերջո, «լուծվելու» են ուժերի հարաբերակցության համատեքստում:

Հենց այստեղ էլ ծնվում են մեր հիմնական մտահոգությունները, որովհետև երբ մի խնդրի շուրջ կոնսենսուս չի առաջանում, Ադրբեջանը խնդիրը փորձում է լուծել ուժային ճանապարհով: Հիշենք թեկուզև Լաչինի միջանցքի հարցը:

Այլ խոսքով, եթե պաշտոնական Երևանը վերանայում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները, մասնավորապես՝ ռուսական վերահսկողության մասով, ապա պետք է միջազգային գործընկերներից ունենա հստակ երաշխիքներ: Դրանք պետք է կոչված լինեն ադրբեջանական հնարավոր ագրեսիայի զսպմանը, առնվազն՝ Ադրբեջանի համար այնպիսի բարձր «գնի» սահմանմանը, որը Բաքվին հեռու կպահի նոր էսկալացիայից:

Արդյո՞ք Փաշինյանի իշխանությունն ունի այս հաշվարկները, թե՞ տրվում է պատրանքներին...

 

Վահրամ Բագրատյան